Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում հունիսի 6-7-ին տեղի ունեցան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ քննարկումներ։ Օրակարգում, ի թիվս այլ վճիռների, ներառված էր նաև «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգից Panorama.am-ի թղթակիցը, Մամմադովի գործի քննարկմանը ելույթ է ունեցել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը սկզբունքորեն և հետևողականորեն հենց իր տարածքում խախտում է իր քաղաքացիների իրավունքները և Իլգար Մամմադովը, ով ըստ ՄԻԵԴ վճռի ակնհայտ ապօրինի կալանավորվել է ու դատապարտվել, պետք է անմիջապես ազատ արձակվեր, սակայն Ադրբեջանը 3 տարի շարունակ հրաժարվում է այս վճիռը կատարելուց։
«Մենք ԵԽ նախարարների կոմիտեում ընդգծեցինք, որ Ադրբեջանի քաղաքականությունը հանգեցնում է մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումների հենց իր տարածքում ու իր ժողովրդի նկատմամբ և, արդյունքում, առաջարկեցինք քննարկման առարկա դարձնել ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելու և հետագայում Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը դադարեցնելու հարցը։ Մենք, ըստ էության, առաջ քաշեցինք Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության դադարեցման բանաձև, ընթացակարգ՝ այդ նպատակին հասնելու համար»,- ասաց Գևորգ Կոստանյանը։
Գևորգ Կոստանյանը նշեց, որ հայկական պատվիրակության ելույթից հետո 20-ից ավել պատվիրակություններ ելույթ են ունեցել ու աջակցել նախաձեռնությանը։ Այսօր արդեն «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարման վերաբերյալ նախատեսված քվեարկության ժամանակ նախարարների կոմիտեն որոշում է կայացնելու՝ այդ ընթացակարգը սկսելու համար։
«Ես՝ որպես պատվիրակության ղեկավար, տեսնելով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքները չհարգելու քաղաքականությունը, նկատեցի, որ սա ԵԽ-ի համար անընդունելի վարքագիծ է, քանի որ ԵԽ անդամ երկրները պետք է հարգեն մարդու իրավունքներն իրենց տարածքում, հետո նոր այլ երկրներում մարդու իրավունքների ապահովման մասին բարձրաձայնեն։ Այս առաջարկությունն արվեց այն համատեքստում, որ երբեմն Հայաստանի վերաբերյալ գործերով, հատկապես ԼՂՀ-ում զինծառայողների հետ կապված գործերով, Ադրբեջանն առաջ է քաշում, թե Հայաստանը չի պահպանում մարդու իրավունքները։ Այժմ մենք ԵԽ բոլոր անդամ երկրներին առավել տեսանելի դարձրեցինք, որ Ադրբեջանն իր երկրում անգամ իր քաղաքացու իրավունքներն է ոտնահարում։
Սա աննախադեպ էր։ Արդյունքը դեռևս պարզ չէ, բայց այն, որ գործընթացն արդեն սկսվել է, նշանակում է, որ ԵԽ անդամ երկրների առնվազն մեծամասնությունը, ինչը կտեսնենք քվեարկության արդյուքնում, մեզ հետ համաձայն է, որ Ադրբեջանը սկզբունքորեն խախտում է մարդու իրավունքները, ինչն էլ հանգեցնում է նրան, որ նա ժողովրդավարության կրող չէ։ Սա, որպես հետևանք, պետք է հանգեցնի կամ նախարարների կոմիտեում Ադրբեջանի ձայնի իրավունքի կասեցմանը, կամ հետագայում անդամակցության դադարեցմանը»,-ասաց Գևորգ Կոստանյանը։
Հարցին, թե արդյոք քննարկմանն Ադրբեջանի կողմից ներկայացվել է տեղեկատվություն, թե ինչ է կատարվել՝ վճռի իրականացման համար, Գ.Կոստանյանն ասաց, որ յուրաքանչյուր վճռից հետո պետությունը պետք է ներկայացնի վճռի կատարման ընդհանուր և անհատական միջոցները։ Ադրբեջանը ներկայացնում է միայն, թե ինչ ընդհանուր բնույթի միջոցառումներ են իրականացվել, ինչպես է փոփոխվում օրենսդրությունը, որը կարող է տևել տարիներ, իսկ այդ ընթացքում Մամմադովը շարունակում է մնալ ապօրինի կալանքի տակ։
«Ես շեշտեցի, որ, այո՛, ընդհանուր միջոցառումները կարող են տևել ևս 5-10 տարի, բայց մարդը փաստացի շարունակում է մնալ կալանքի տակ։ Հենց այս հարցը պետք է ի սկզբանե լուծել, քանի որ վճիռը վերաբերում է կոնկրետ մարդու և առաջին հերթին պետք է խոսել այդ մարդու իրավունքների վերականգնման մասին»,-ասաց Գ․Կոստանյանը։
Հարցին, թե արդյոք Ադրբեջանը չառարկեց Հայաստանի կողմից նման առաջարկներին, Գևորգ Կոստանյանն պատասխանեց՝ ո՛չ։
«Հարցադրումն ու դիրքորոշումն այնքան միանշանակ էր, որ անգամ Ադրբեջանը չկարողացավ առարկել, քանի որ հարցն այն է, որ Մամմադովը պետք է ազատ արձակվի։ Մամմադովը կոնկրետ առողջական խնդիրներ ունի ու եթե մենք տարիներով քննարկենք, թե Ադրբեջանում ինչ օրենսդրություն է փոխվելու, Մամմադովը կարող է քրեակատարողական հիմնարկում մահանալ։ Հետևաբար, մարդու իրավունքների վերականգնմանը կոչված այս ընթացակարգը դառնում է զրո արժեք ունեցող։ Եվ ամենակարևորն այն է, որ մեզ շատ երկրներ աջակցեցին»,-ասաց Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ Հայաստանի կողմից հնչեցված առաջարկն աջակցություն ունեցավ, քանի որ այս տարվա ԵԽ-ն զեկույցով ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով Հայաստանն առաջատարներից է, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության հարցում առաջատար դեր է զբաղեցնում ԵԽ տարածքում։
Նշենք, որ ՄԻԵԴ որոշումների իրականացման վերահսկողությունը կատարում է ԵԽ նախարարների կոմիտեն և այս ձևաչափով քննարկումներն իրականացվում են տարին 4 անգամ։ Քննարկումներից հետո նախարարների կոմիտեն ընդունում է որոշումներ։
Հիշեցնենք, որ 2014թ-ի հոկտեմբերին կայացրած վերջնական վճռով ՄԻԵԴ-ը գտել էր, որ Մամմադովի ձերբակալությունը պայմանավորված է եղել քաղաքական դրդապատճառներով և Ադրբեջանին կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Իլգար Մամմադովին։