«Ես համաձայն չեմ այն տեսակետին, որ տուն-ինտերնատի սնունդը վատն է։ Խնամյալներին տրվող սնունդը գերազանց է»,- այսօր պատասխանելով լրագրողների դիտարկմանը՝ տուն-ինտերնատում մատուցվող սնունդը խնամյալների խոսքով՝«խոզի լափ» է, հակադարձեց Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի վերընտրված տնօրեն Վահան Զուրաբյանը։


Նա չբացառեց, որ տուն-ինտերնատում առկա են բազմաթիվ խնդիրներ, ըստ նրա՝ կատարյալ վիճակ ստեղծելն անհնար է․ «Ամենամեծ խնդիրը, որն ունենք այսօր կենսապայմաններն են, որտեղ բնակվում են խնամյալները: Այժմ Քուվեյթի ֆինանսավորմամբ կառուցվել է նոր մասնաշենք։ Մնում է միայն մասնաշենքի գույքի հարցը լուծել, որպեսզի կարողանանք խնամյալներին տեղափոխել նոր մասնաշենք»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ դրա նմանը տարածաշրջանում գոյություն չունի:


Զուրաբյանը նշեց՝ շենքը կառուցված է 72 խնամյալի համար․ «Այն նախատեսված է անկողնային հիվանդների համար։ Գույքի հարցը քիչ-քիչ լուծվում է, արդեն սկսել են մատակարարել։ Սեպտեմբերին արդեն կկարողանանք տեղափոխվել նոր մասնաշենք»,- ընդգծնեց թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն:


Անդրադառնալով տուն-ինտերնատի դիմաց կանգնած թանկարժեք մեքենային, որը տնօրենի անձնական մեքենան է՝ նշեց. «Իմ մեքենան ոչ թե Բենթլի է, այլ՝ Կռայսլեր: Տեսքին մի նայեք, պարզապես շատ նման է Բենթլիի: Դա իմ անձնական մեքենան է, որը ձեռք եմ բերել մեկ տարի առաջ: Դրա արժեքը 5000-8000 դոլար է»,- նշեց նա՝ ավելացնելով, որ մեքենան ձեռք է բերել մինչև թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար դառնալը: