Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Աջափնյակ» կայարանի կառուցման հնարավոր տարբերակները: «Արթուն» ԲԲԸ տնօրեն Հմայակ Հարությունյանը մետրոպոլիտենի կառուցման 4 տարբերակ առաջարկեց: «Հալաբյան-Աբելյան խաչմերուկում արդեն իսկ պատրաստ 2,5 կմ երկարությամբ ընթացքային թունել ունենք, լուծված են բոլոր կոմունիկացիաների հարցերը»,-ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` կայարանի կառուցման համար 150 միլիոն դոլարի ներդրում է անհրաժեշտ: «Մեր նախագծով նախատեսում ենք 320 մետր թունելներ կառուցել եւ 109 մետր կայարանային հատված, որին կհաջորդեն եւս 100 մետր ստորգետնյա էլեկտրակայանն ու սպասարկող անձնակազմի համար երկհարկանի թունելային համակարգը»,-ասաց նա՝ հավելելով, որ չարժե մետրոպոլիտենի նոր ուղղություն ընտրել, քանի որ դա հսկայական գումարների հետ է կապված:

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ «Աջափնյակ» կայարանի կառուցման համար դեռ 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվել խորհրդային տարիներից ի վեր: «Մենք մեր քննարկման արդյունքում նախագծային տարբերակը կառավարությանն ենք ուզում ներկայացնել եւ փորձել հետամուտ լինել, որ եկող տարվա բյուջեում միջոցներ հատկացվեն դրա իրականացման ուղղությամբ»,-ասաց նա:

Աջափնյակի «Արագած» կինոթատրոնի մոտակայքում Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկի մոտակայքում 1988 թվականին սկսվել էր Երևանի մետրոպոլիտենի երկրորդ հերթի շինարարությունը: Ըստ նախագծի` գնացքը Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից Հրազդանի կիրճով պետք է հասներ մինչև Աջափնյակում կառուցվող երկու կայարանները, որոնք պետք է շահագործման հանձնվեին մինչև 1990 թվականը: Սակայն, 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո Երևանի մետրոպոլիտենի երկրորդ հերթի շինարարությունը դադարեցվեց: