Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը բարձր է գնահատել հյուպատոսի հետաքրքրվածությունը Գյումրու զարգացման հարցում՝ նշելով, որ տվյալ դեպքում մտահոգություններն ու ծրագրերը դիտվում են միևնույն տեսանկյունից:

 

Անտոնիո Մոնտայլտոն իր կողմից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ներկայացնելով որոշ ծրագրեր, որոնք հստակ ներդրումների դեպքում, Հայաստանի մշակութային մայրաքաղաքում թույլ կտան խթանել ներքին և արտաքին տուրիզմը: Սամվել Բալասանյանը պատրաստակամություն հայտնեց հնարավորության դեպքում աջակցել այն ծրագրերի իրագործմանը, որոնք թույլ կտան ճիշտ ու նպատակային օգտագործել Գյումրու մշակութային ներուժը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իտալական կողմի հետ համագործակցությունն արդեն իսկ ունի տեսանելի արդյունքներ:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Արմենուհի Մխոյան