Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ապրիլի 11-ին ընդունեց Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգի պատվիրակությանը' Երևանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնի գլխավորությամբ:
Հանդիպման օրակարգային թեմաներից էին կենցաղային թափոնների և սպառված հանքերի կառավարմանը, կեղտաջրերի մաքրմանն առնչվող հիմնախնդիրները, ինչպես նաև Շիրակի մարզում էկոլոգիական տուրիզմի զարգացումը:
«Պատրաստ ենք համագործակցության ցանկացած բնագավառում, ուրախ կլինենք Շիրակի մարզի և Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցություն հաստատելու: Մենք արդեն հասցրել ենք Շվեդիայի դեսպանատանը մի քանի առաջարկություն ներկայացնել, որոնք առնչվում են էկոլոգիական հիմնահարցերին: Շվեդիան այս բնագավառում աշխարհի առաջատար երկրներից է համարվում, մենք պատրաստ ենք սովորել, հետևել օրինակին, սիրահոժար ընդունել ցանկացած աջակցություն և խորհրդատվություն»,- խոսքում նշեց Շիրակի մարզպետը:
Դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնն էլ կարևորեց մարզերի հետ ապակենտրոնացված շփումները նշելով, որ Շիրակի մարզն իրապես ունի պոտենցիալ. «Կարծում եմ, այսօրվա հանդիպումից ու մարզում շրջագայություն կատարելուց հետո լիարժեք պարզ կլինեն մեր համագործակցության ուղղությունները»: Օստերյոտլանդի նահանգապետարանի աշխատակիցները Շիրակի մարզպետարանի պատասխանատուների հետ կլինեն Արփի լճի տարածքում, կծանոթանան բնությանը, շրջակա միջավայրի հնարավորություններին, մարզի խոշոր աղբավայրերին։
Արմենուհի Մխոյան