Երբ Կարեն Կարապետյանը նշանակվում էր երկրի վարչապետ, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ջանք չէին խնայում՝ բոլորին ու նույնիսկ ամենաթերահավատներին համոզելու, որ հանձինս իրենց, վարչապետն ունենալու է քաղաքական գերամուր հենարան, ու արվելու է ամեն բան, որպեսզի Կարապետյանն իր նախաձեռնություներում ու քայլերում ինքավստահության պակաս ընդհանրապես չունենա: Մի խոսքով՝ տպավորություն էր, ասես իշխանական կուսակցությունում ուր որ է երկիշխանություն է հաստատվելու:
Ազգային ժողովում կառավարության ծրագրի հունիսքսանմեկյան քննարկումը, սակայն, վերջնականորեն ապացուցեց, որ բոլոր նմանատիպ պնդումներն ընդամենը «փափուկ բարձ» էին՝ վարչապետի գլխի տակ դրված,ու իրականում վարչապետն այսօր բոլորովին մենակ է մնացել. ՀՀԿ-ն հանդես է գալիս ընդամենը հեռվից «թամաշա» անողի դերում: Ցանկացած մեկն, ով հետևել է ԱԺ համապատասխան նիստին, Կառավարության ծրագրի քննարկմանը չի կարող այս տեսակետը չկիսել: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս ստացվեց, որ Կարապետյանի քաղաքական կշիռն այսքան նվազեց, ինչպե՞ս պատահեց, որ ընտրություններին որպես ՀՀԿ հիմնական դեմք հանդիսացող մարդն այսօր, փաստացի, զուրկ է քաղաքական հենարանից:
Անկասկած, այս իրողության հիմքում ընկած է նաև Կարապետյանի սխալը. հանդիսանալով, ինչպես նշեցինք, ՀՀԿ քարոզչական հիմնական դեմքը՝ նա չկարողացավ նույն ՀՀԿ ցուցակով ԱԺ մտցնել իրեն հավատարիմ գոնե 7-8 մարդու, ովքեր նրա համար որոշակի դրական ֆոն կապահովեին խորհրդարանում ու թույլ չէին տա Կարապետյանի դիրքերի այսաստիճան թուլացում. միայն Շուշան Սարդարյանով հարց չի կարող լուծվել, մանավանդ այն դեպքում, երբ Սարդարյանի ներկայությունն ԱԺ-ում դեռևս միայն սիմվոլիկ նշանակություն ունի, ինչի մասին վկայում է հենց նույն կառավարության ծրագրի քննարկումը. վարչապետին ուղղակի խեղճացրել էին, ու չգտնվեց գեթ մեկն, ով կփորձեր այդ իրավիճակից դուրս բերել նրան:
Հարց՝ ո՞ւր էր վարչապետի քաղաքական թիմն այն ժամանակ, երբ այն Կարապետյանին ամենաշատն էր անհրաժեշտ, ինչո՞ւ նրան թողեցին մենակ…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ