Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առքելյանից հետաքրքվեցին նաև ծիրանի մթերման հետ կապված խնդիրներից:
Նախարարը, խոսելով ծիրանի գնի արհեստական իջեցման մասին, նշեց, որ այսօր շուկայական հարաբերություններ են. «Կան մի քանի ընկերություններ, որոնք արտահանում են, և կան բազմաթիվ ընկերություններ, որոնք արտադրում են ծիրանը և շուկան է որոշում ծիրանի գինը: Անցած տարի շուկայում գինը բարձրից իջել է: Գինը ձևավորվում է՝ կախված բերքի քանակից, երբ որ բերքը շատ է, գինը իջնում է: Մենք չենք կարող կոորդինացնել գինը: Այլ բողոքների պարագայում՝ կան արդեն այլ գերատեսչություններ, որտեղ կարելի է դիմել, եթե կա հստակ խախտում որևիցե օրենքի»,-ասաց նա:
Անդրադառնալով կարկուտից տուժած գյուղացիների փոխհատուցմանը, նախարարը նշեց, որ ներկայում Կենտրոնական բանկն իր կողմից սկսել է տուժածների վարկային գործերի ուսումնասիրության աշխատանքները, մայր գումարի մարման հետաձգման ժամանակահատվածը որոշելու համար, իսկ հողի հարկի, ջրի վարձի հարցն էլ ուսումնասիրվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում և կառավարությունում:
Նախարարը հայտարարեց, որ գյուղատնտեսությունում բնակլիմայական պայմաններից վնասը 5 տոկոսից ցածր է, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում ապահովագրական համակարգ ներդնելու համար: «Իրենց համար դա կլինի հետաքրքիր, քանի որ վնաս տոկոսը այնքան բարձր չէ: Լուծումը ապահովագրական համակարգն է, ուրիշ լուծում չկա»,-հավելեց նա: