Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Գերմանիայի դաշնային կանցլեր Հելմուտ Կոլի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ հայտարարել է, որ Եվրոպայում առկա հակասությունները չեն մոտեցնում «մեկ տանիքի» ստեղծման նպատակին: Այս մասին տեղեկացնում է «Риа Новости»-ն:
Նա հորդորել է համաշխարհային առաջնորդներին շարժվել դեպի այդ նպատակը:
«Պետք է ընդունել, որ այսօր մեր հակասությունների պատճառով բավականին հեռու ենք մեկ ընդհանուր տանիք ստեղծելու մեր երազանքից»,-նշել է ՌԴ վարչապետը:
Դմիտրի Մեդվեդեւի համոզմամբ՝ նրանց ընդհանուր նպատակը պետք է լինի հենց միասնական, անվտանգ եւ բարգավաճ Եվրոպան:
«Հելմուտ Կոլը ավելի դժվարին ժամանակներում ապացուցել է, որ այդ նպատակը հասանելի է: Նրա ջանքերի արժանի հետեւորդ լինելու պատասխանատվությունն է այժմյան համաշխարհային առաջնորդների ուսերին: Հելմուտ Կոլը երազում էր ոչ միայն միասնական Գերմանիայի, այլեւ միասնական Եվրոպայի մասին եւ տեսնում էր Ռուսաստանը որպես դրա անբաժան մաս»,-ասել է նա: