Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց զինված հանցախմբի գործով դատական նիստը, որը երկար չտեւեց, քանի որ երկու պաշտպաններ չէին ներկայացել:

Դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալներից Արման Հայրապետյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը գտնվում է հիվանդանոցում։

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօրվա նիստին ներկա չէր: Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ ինքնաբացարկի միջնորդություն ունի դատավորին՝ նախորդ դատական նիստում իր գործողությունների հետ կապված, սակայն դա այս նիստում կներկայացնի հայտարարության տեսքով։ 

Պաշտպան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց՝ ինչու իր պաշտպանյալի բացակայության մասին նիստերի քարտուղարը չհայտարարեց:

Ապա դիմելով դատավորին, պաշտպանն ասաց, որ նախորդ նիստին դատավորը դահլիճից դուրս Վահան Շիրխանյանի հասցեին անհարգալից եւ վիրավորական արտահայտություններ է ասել և փորձել է հաշիվ պահանջել։ Նա մեջբերեց Շիրխանյանի և դատավորի առանձնազրույցից մի հատված. «Դու ով ես, որ ինձ ասես՝ չես հասկանում… Ձեր շինած երկիրն է, ինչ ես ուզում, դերասան, դու հիվանդ չես, նույնիսկ վազում ես»,- ասել է դատավորը Վահան Շիրխանյանին։

Հայկ Ալումյանն  ինքնաբացարկի միջնորդությունն այսօր չներկայացրեց, քանի որ նիստը պետք է հետաձգվեր։

Դատավարությունը կշարունկավի հուլիսի 14-ին։