Սևանա լճից հավելյալ 100 մլն խմ ջուր բաց թողնելու Կառավարության որոշումն, ինչպես հայտնի է, բավական բուռն քննարկումների առարկա դարձավ ոչ միայն Ազգայի ժողովում, այլև հասարակական շրջանակներում. տարատեսակ կարծիքների պակաս, նկատենք, առանձնապես չեղավ, ու քննադատողներն էլ որպես համապատասխան որոշման ներշնչանքի աղբյուր մատնանշում էին հատկապես իշխանավորների բնական ձգտումը՝ ձերբազատել Սևանի ափին հիմնած իրենց բիզնեսները հնարավոր վտանգից. լճի մակարդակի շարունակական բարձացումը սպառնում է ափամերձ շինություններին: Մի խոսքով՝ հանրության շրջնում այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանի բնությունը հերթական անգամ դառնում է զոհը արտոնյալների բիզնես շահերի:
Նրանք, ովքեր ուշադրությամբ հետևել են Սևանա լճի շուրջ ստեղծված իրավիճակին, խժդժություններին, քննարկումներին, նկատած կլինեն, որ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այնքան էլ իրեն ակտիվ չդրսևորեց այս քննարկումներին ու որքան հնարավոր էր, փորձեց ձեռնպահ մնալ ելույթներից, կարծիք հնչեցնելուց: Թե հատկապես որը կարող էր լիներ Մինասյանի՝ հարցի շուրջ դրսևորած պասիվության պատճառներն, անկասկած, հասկանալի է նույնիսկ առաջին հայացքից. Մինասյանն, ըստ էության, նման կերպ իր պասիվ բողոքն էր արտահայտում Կառավարության համապատասխան պլանների վերաբերյալ: Ակնհայտ է՝ եթե Մինասյանն անձամբ սատարեր Կառավարության նախաձեռնությանն, ապա մյուս իշխանավորների նման կոկորդ կպատռեր՝ ապացուցելու համար, որ Հայաստանի փրկությունը հենց 100 մլն խմ ջրի մեջ է կայանում: Սակայն ի պատիվ իրեն՝ նախարարը զերծ մնաց ավելորդ ակտիվությունից՝ չնայած որ այդպես էլ բացահայտ դեմ չարտահայտվեց նախագծին՝ ելնելով ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ի ունեցած կոալիցիոն գործընկերության իրողությունից:
Ընդհանրապես, պետք է նկատել, որ ներկայում ՀՅԴ-ն հայտնվել է չափազանց տհաճ իրավիճակում. ՀՀԿ-ի հետ կոալիցիոն փոխգործակցության մեջ գտնվելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու շատ հաճախ «Դաշնակցությունը» ստիպված է լինում գնալ բավական զգալի զոհողությունների. գաղափարն ու սկզբունքները դարձել են այնպիսի բաներ, որոնց մասին ամենաքիչն են հիշում հայաստանյան քաղաքական վերնախավում: Իսկ հաշվի առնելով այն, որ ՀՅԴ-ն գաղափարական լուրջ հիմքեր կրող քաղաքական ուժ է, ու չի կարող լինել Դաշնակցություն առանց հստակ գաղափարական գծի՝ պետք է նկատենք, որ այս քաղաքական ուժն, պահպանելու համար սեփական դիրքերն իշխանական համակարգում, հաճախ ստիպված է լինում կա՛մ լռել, կա՛մ սեփական բողոքն արտահայտել առավելապես պասիվ միջոցներով:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ