Այսօր հուլիսի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի 339 ՍՍ 22 համարնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Ստեփանակերտ ավտոճանապարհին Հարթավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Այս պահին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարները քաղաքացիների, ճանապարհային ոստիկանների հետ փորձում են դին դուրս բերել ձորից: Սակայն անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, որպեսզի մեքենան, որը դիզվառելիքով է բարձված եղել, դարձի բերեն, որպեսզի դին տեղափոխեն երթևեկելի գոտի:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Ստեփանակերտ քաղաքում գործող «Ֆլեշ պլյուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: