Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Վարդանաշեն-Երասխահուն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երասխահուն գյուղի բնակիչ, 27-ամյա Իսլամ Շաբաբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի և Մարգարա գյուղի բնակիչ Հայկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի 16 AP 600 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 07-ը կողաշրջվել է: Վթարի հետևանքով 07-ի վարորդ Ի. Շաբաբյանն ու նրա ուղևոր, Երասխահուն գյուղի բնակիչ, 66-ամյա Ազնիվ Ուզոևան տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր, Երասխահուն գյուղի բնակիչ, 18-ամյա Ռուզաննա Բաքոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ BMW-ի վարորդ Հ. Խաչատրյանը՝ «Արմավիր» բժշկական կենտրոն:
Աղբյուրը հայտնում է, որ մահացածները մայր ու որդի էին, իսկ վիրավոր Ռ. Բաքոյանը՝ մահացած վարորդի կինն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել 07-ին: