Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Տիգրանյանը վարելով Volkswagen մակնիշի 30 ՍՏ 712 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում կորցրել է մեքենայի կառավարումը և դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 21-ամյա Եվա Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուս ուղևորուհին՝ վարորդի համագյուղացի, 27-ամյա Ֆլորա Տիգրանյանը, տեղում մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մահացած Ֆ. Տիգրանյանը վարորդ Ս. Տիգրանյանի քույրն է: