Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հուլիսի 17-ին Հայաստանի և Լիբանանի միջև տեղական մակարդակով հարաբերությունների նախաձեռնման շրջանակներում այցելեց Լիբանանի Տրիպոլի և Էլ Մինա քաղաքներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Դեսպան Մկրտչյանը Տիրպոլիում, որն իր մեծությամբ Լիբանանի երկրորդ քաղաքն է (500 հազ. բնակիչ), հանդիպեց քաղաքապետ Ահմադ Կամարեդդինի հետ: Հանդիպմանը քաղաքապետը ներկայացրեց տնտեսական և առևտրային իրավիճակը, դրանց զարգացման հեռանկարները, հատուկ անդրադարձ կատարվեց Տրիպոլիի նավահանգստում ստեղծված ազատ տնտեսական գոտուն:
Ահմադ Կամարեդդինի խնդրնաքով դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի ներդրումային միջավայրի պայմանները, գործունեություն ծավալելու հնարավորությունները: Նպատակահարմար դիտարկվեց Տրիպոլիի Առևտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցությամբ համապատասխան պատվիրակության այց կազմակերպել Հայաստան:
Էլ Մինայում, որը գտնվում է Տրիպոլիի անմիջական հարևանությամբ, դեսպան Մկրտչյանը քաղաքապետ Աբդել Կադեր Ալամեդդինի հետ քննարկեց նախկինում բավականին ստվար հայ համայնքի կենսակերպի ժառանգության պահպանման հարցերը:
Բարձր գնահատելով հայերի ներդրումը և իր տասնամյակների սերտ համագործակցությունը նրանց հետ՝ քաղաքապետը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել Հայաստանի հետ կապերի զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես զբոսաշրջության ոլորտում, որի նպատակով նա առաջիկայում կայցելի Հայաստան: