Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում փակվել են մոտ 6000 փոքր և միջին ձեռնարկություններ: Եթե անցած ամռանն ակտիվ ընկերությունների քանակը եղել է մոտ 71 հազար, ևս 2000-ը խոշոր ձեռնարկություններն են, ապա այժմ այդ թիվը դարձել է 67 հազար: Ընդ որում, ընդամենը հինգ-վեց տարի առաջ, խոսքը մոտ 150 հազար ընկերությունների մասին էր գնում: Այսինքն՝ այս ընթացքում Հայաստանում գործող ընկերությունների քանակը կրկնակի նվազել է:

2017 թվականին Հայաստանում ներդրումային բում է սպասվում: Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ բոլոր մարզերի հետ հանդիպումներ եղան, քննարկվեցին բազմաթիվ ներդրումային ծրագրեր, իսկ վերջում հայտարարվեց 3.2 մլրդ դոլար ներդրումների մասին, որոնցից 850 միլիոնը՝ 2017 թվականին: Այս ներդրումների արդյունքում պետք է Հայաստանում ստեղծվեն հազարավոր աշխատատեղեր, տնտեսությունը շնչի: Այս պահին սա միայն թղթի վրա է: Թե ինչ ներդրումներ են արվել, դեռ հաշվարկ չկա: Մինչ ներդրումներ կարվեն, մշտապես հայտնի է դառնում բազմաթիվ ընկերությունների՝ իրար հերթ չտալով փակման մասին: Դրանց մի մասը սնանկանում է, մյուս մասը՝ լուծարվում կամ ժամանակավորապես դադարեցնում գործունեությունը: Միայն 2017 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում մեծ ու փոքր, հայտնի ու ոչ շատ անվանի բազմաթիվ ընկերություններ են փակվել: Թվարկենք դրանցից մի քանիսը։ Տարեսկզբին հայտնի դարձավ, որ սնանկ է ճանաչվել Արագածոտնի մարզում գտնվող Թուխմանուկի հանքավայրը շահագործող «Մեգո գոլդ» ընկերությունը: 2017թ. ապրիլի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում անցկացվեց «Նաիրիտին» պատկանող գույքի աճուրդը: 2016-ին Նաիրիտից բացի այլ լուրջ ընկերություններ ևս սնանկացան կամ փակվեցին: 2016-ին վերջնականապես գործունեությունը դադարեցրեց 2013-ից ավիաուղևորափոխադրումներ անող «Էյր Արմենիա» ընկերությունը, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» գնած «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն, ինչի պատճառով կառավարությունը գույքը հետ բերեց, «Աշտարակ կաթ»-ը ևս չպետք է մոռանալ:

Սրանք դեռ քիչ թե շատ հայտնիների մասին: Կան նաև շատ անհայտ ընկերություններ: 2008-16 թվականներին վարույթ է ընդունվել 8908 սնանկության գործ։ Ավարտվել է 5616 գործ: Առողջացման ծրագիր է ներկայացրել ընդամենը 87-ը, որից 56-ն է հաստատվել դատարանի կողմից։ 2016թ. 473 կազմակերպություն է սնանկ ճանաչվել, առողջացման ծրագիր է ներկայացրել միայն երկուսը։

2016-17 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ 22 մլրդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առկա է սնանկության ավելի քան 2100 վարույթ, չնայած որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր էր կիրառել նաև սնանկության վարույթին այլընտրանքային միջոց: Նման աղետալի պատկերի պատճառները շատ են՝ բարձր տոկոսադրույքներ, ֆինանսների անհասանելիություն, տնտեսական փոքր աճ, սահմանափակ շուկա, արտագաղթ և գնողունակության անկում: Այստեղ արդեն տեղին է խոսել սնանկացման մասին ՀՀ օրենսդրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Ակնհայտ է, որ սնանկության կառավարիչների ՝ օրենքով սահմանված գործունեության արդյունավետությունն այս պահին բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը երկար է: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է վարչարարության կազմակերպման, օրենսդրության, սնանկության բնութագրիչների բացահայտման և այլ խնդիրներով: Շուկայական տնտեսության պայմաններում առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ շուկայի մասնակիցները չեն կարողանում կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: Այդ իրավիճակում պետությունը շատ հաճախ կարող է տվյալ տնտեսավարող սուբյեկտին օգնել իրականացնել ֆինանսական առողջացման ծրագիր, սակայն օրենքում այդ մեխանիզմները բավականաչափ թույլ են: Օրենքում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որոնց միջոցով առաջնային կերպով տնտեսավարող սուբյեկտներին կօժդանդակեն դուրս գալ ծանր ֆինանսական կացությունից, այլ ոչ թե գնալ սնանկացման ճանապարհով: Մյուս կողմից՝ հարկավոր է կատարելագործել օրենքի մեխանիզմները, որպեսզի գործարարները չգնան արհեստական սնանկացման ճանապարհով և գործեն միայն օրինական դաշտում:

Ստելլա Խաչատրյան