Պուտին–Ալիեւ հանդիպումից օրեր անց ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է գտնվում: «Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները պատշաճ դաս են տվել ռուս–ադրբեջանական բարեկամության չարակամներին». ահա այս ոգով են խոսում Ադրբեջանում կայացած հանդիպման մասին: Ի դեպ, բացի «հայկական չար ուժերին» պատժելուց, ըստ ադրբեջանական աղբյուրների, այդ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը եղել է «Հյուսիս–հարավ» միջանցքի ճակատագիրը: Ըստ ամենայնի, Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանի հայտարարություններից առաջացած շոկն Ադրբեջանում դեռ չի անցել ու բացի «Ադրբեջանական երկաթուղիների» ղեկավար Ջավիդ Ղուրբանովին Մոսկվա գործուղելուց, հիմա էլ այդ հարցը բարձրացրել է անձամբ Ալիեւը:
Թեև Ալիևը լրջորեն խառնվել է իրար, Հայաստանից, ըստ էության, որևէ բովանդակային արձագանք չի եղել Թեհրանի բազմաթիվ առաջարկներին, որոնք վերաբերել են էներգետիկ համագործակցությանը, Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային միջանցքին և այլն: Հյուսիս-հարավ միջանցքը Հայաստանի համար նշանակում է նաև թուրք-ադրբեջանական շրջափակման ավարտ: Քանի որ նախագիծը շրջանցում է Ռուսաստանը, այն թուլացնում է վերջինիս ազդեցությունը Սև ծովում ու տարածաշրջանում, ինչը Հայաստանի համար լավ հնարավորություններ է ստեղծում եվրոպական ինտեգրման ուղղությամբ: Միջազգային տրանսպորտային միջանցքները որոշիչ դեր են խաղում դրանցում ընդգրկված պետությունների համագործակցության ու զարգացման հարցում: Այդպիսի միջանցքները որոշակի աշխարհատնտեսական տարածքների ձևավորման առանցքներն են: Նախագծի շրջանակներում Իրանը դեռ նախորդ նախագահ Ահմադինեժադի ժամանակ պլանավորում էր կառուցել Կասպից ծովը Պարսից ծոցին միացնող տրանսիրանական ջրանցքը: Նախատեսվում էր, որ այն շահագործման կհանձնվի 2020-ական թվականներին: Իր հերթին Մոսկվան ակնկալում էր, որ այն կմիացվի Վոլգա-Դոն ջրանցքին՝ կապելով Կասպից և Սև ծովերը (ռուս-իրանական համատեղ նախագիծը հայտնի է Եվրասիա ջրանցք անվանումով):
Թեհրանը պաշտոնական Երևանին առաջարկել է բոլոր ջանքերը գործադրել Պարսից ծոցը Սև ծովին Հայաստանի տարածքով միացնելու նախագիծն իրականացնելու համար: Ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի հետ Իրանը քաղաքական հակասություններ և խնդիրներ չունի: Այս նախագծի իրականացումը Հայաստանին փակուղային տրանսպորտային տարածաշրջանից կվերածի տարանցումայինի: Միաժամանակ, Թեհրանը պատրաստակամություն է հայտնել միջանցքի ստեղծման համար տրամադրել տեխնիկական և ինժեներական ծառայություններ:
Ներկայում Հայաստանն իրանական բեռների փոխադրման համար լուրջ ենթակառուցվածքներ չունի: Վրաստանը և Իրանը կապող Հայաստանի 550 կմ-անոց հիմնական մայրուղիները պետք է արդիականացնել: Նախատեսվում է, որ այդ նպատակով Եվրասիական զարգացման բանկը կտրամադրի 150 մլն դոլար փոխառություն, Եվրոպական ներդրումային բանկը՝ 60 մլն դոլար և Ասիական զարգացման բանկը՝ մոտ 500 մլն դոլար: Գոյություն ունի Իրանը Հայաստանին կապող երկաթգծի կառուցման նախագիծ, որի իրագործման դեպքում Պարսից ծոցը և Սև ծովը կկապվեն երկաթուղով: Իրան-Հայաստան երկաթգծի արժեքը, ըստ նախնական գնահատումների, հասնում է մինչև 3,5 մլրդ դոլարի: Իրանական Ջուլֆայից մինչև Մեղրի ընկած 90 կմ-անոց հատվածն Իրանը պատրաստ է կառուցել սեփական միջոցներով: Սակայն երկաթգծի կառուցման նախագծի հայկական հատվածը բախվում է Հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիոների դիմադրությանը: Այդ երկաթգիծը Մոսկվայի համար տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում: Ավելին, այն կուժեղացնի Իրանի և ԵՄ ազդեցությունը Հայաստանում ու տարածաշրջանում: Բացի Իրանից, երկաթուղու շինարարությամբ որոշակիորեն շահագրգռված է Չինաստանը:
Եվ ահա, երբ հայտնի է դառնում, որ ի թիվս այլ հարցերի, Պուտինի և Ալիևի օրակարգում եղել է հյուսիս-հարավ միջանցքի ճակատագիրը, ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածում այն մասին, որ նախագահ Սարգսյանը կընդհատի իր արձակուրդը և կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը: Կարծես թե տարoրինակ որևէ բան չկա, սակայն այս արարողակարգային այցի նման շեշտադրումը նուրբ քաղաքական ենթատեքստ ունի՝ ուղղված առաջին հերթին Մոսկվային ի Բաքվին: Իրանի հետ մեր հարաբերությունների սերտացումը չի կարող չանհանգստացնել մեր թշնամուն և մեր ոխերիմ դաշնակցին, քանի որ կարող է իրական այլընտրանք հանդիսանալ: Վերջին շրջանում հայկական կողմը ակտիվորեն ազդակներ է հղում Կրեմլին՝ մի կողմից ակտվիացնելով կապերը Արևմուտքի հետ, մյուս կողմից՝ ընդգծելով ՀՀ-Իրան համագործակցության խորացման կարևորությունը:
Ստելլա Խաչատրյան