Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում պետական վերահսկողություն է իրականացվել 622 սուբյեկտների մոտ, ինչի արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա կասեցվել է 35 տնտեսվարող սուբյեկտների արտադրական գործընթացը: Լրագրողների հետ զրույցում ամփոփելով 2017 թվականի առաջին կիսամյակում իրականացված վերահսկողության արդյունքները, այս մասին տեղեկացրեց Սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ վերահսկողության արդյունքում առավել հաճախ արձանագրված խախտումները հիմնականում առնչվել են սանիտարահիգիենիկ պահանջների եւ մակնշման անհամապատասխանություններին, համապատասխանության գնահատման ընթացակարգերին, աշխատակիցների նախնական եւ պարբերական բժշկական զննություններին, լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանություններին:
«Հատուկ ուշադրություն է դարձվել նախակրթական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների սննդամթերքի անվտանգության խնդիրներին: Պետական վերահսկողությանը զուգահեռ հանրապետության բոլոր մարզերում մարզպետարանների պատասխանատուներին եւ հանրակրթական հաստատությունների տնօրեններին ներկայացվել են սահմանված պահանջների ու համակարգային խնդիրների լուծման ուղիները»,-ասաց նա:
Անդրադառնալով զովացուցիչ ըմպելիքների ոլորտում իրականացված վերահսկողության միջոցառումներին՝ Վահե Դանիելյանը նշեց, որ 34 տնտեսվարող սուբյեկտներից 16-ի արտադրական գործընթացը ժամանակավորապես կասեցվել է: Դադարեցվել է նաեւ հացի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող 20 տնտեսվարող սուբյեկտների աշխատանքը սանիտարահիգիենիկ պայմանների անհամապատասխանության հիման վրա:
«Իրականացվել են նաեւ վերանորոգման եւ արտադրական սարքավորումներով վերազինման աշխատանքներ: Ոլորտային քննարկումներ ենք ունեցել շուրջ 700 տնտեսվարողների հետ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից»,-նշեց Վահե Դանիելյանը՝ հավելելով, որ սեպտեմբերի 1-ից հաց-հացաբուլկեղենը եւ միսը պետք է տեղափոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող տրանսպորտային միջոցներով, որի մասին արդեն իսկ ծանուցումներ են ուղարկվել 1316 տնտեսվարողների: