ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն օգոստոսի 1-ին առաջին սանիտարական անձնագրերն է տրամադրել թռչնամիս ներմուծող և ողջ հանրապետությունում տարածող «Սարատովի թռչնաֆաբրիկա Կուռնիկով» ՍՊԸ-ի 5 փոխադրամիջոցների:
Ինչպես տեղեկացրին ՍԱՊԾ-ից, ծառայություն դիմած ընկերության փոխադրամիջոցներն անցել են համապատասխան ստուգում, ունեն մասնագիտական եզրակացություն և բավարարում են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված բոլոր պահանջները:
Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի տրամադրման կարգով սահմանված ժամանակացույցի համաձայն, սկսած 2017թ. սեպտեմբերի 1-ից սանիտարական անձնագրերի պահանջը առաջնահերթ սկսում է գործել հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար: Ու թեև սննդամթերքի այլ ոլորտներում կարգը գործողության մեջ է դրվում միայն 2020 թվականի հուլիսի 1-ից, թռչնամիս տեղափոխող «Սարատովի թռչնաֆաբրիկա Կուռնիկով» ՍՊԸ-ն ցանկություն է հայտնել սանիտարական փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերը ստանալ արդեն այսօր: Սեպտեմբերի 1-ից պետական գնումների շրջանակներում հաց և միս ձեռք բերող կազմակերպությունները, ինչպես նաև Երևանի հանրային սննդի կազմակերպման օբյեկտները, իսկ նոյեմբերի 1-ից՝ նաև առևտրի իրականացման վայրերը պարտավոր են սննդամթերքն ընդունել միայն սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցից:
2018 թվականի ապրիլի 1-ից իրավական այս նորմը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար: