Ֆրանսիան հայտարարել է, որ հանգամանքները թույլ չեն տալիս իրականացնել «Միստրալ» դասի առաջին ուղղաթիռակրի տրամադրումը Ռուսաստանին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Որպես պատճառ է նշվում Ռուսաստանի վերջին գործողությունները Ուկրաինայի արեւելքում ծավալված հակամարտությունում:

 

«Անվտանգության խորհուրդը քննարկել է Ուկրաինայի իրադրությունը: Այն ծանր է: Վերջերս Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արեւելքում ձեռնարկվաած գործողությունները խախտում են անվտանգության սկզբունքները Եվրոպայում: Հանրապետության նախագահը եկել է այն եզրակացության, որ, չնայած հրադադարի հեռանկարին, որը դեռեւս չի հաստատվել ու չի սկսել գործել, ստեղծված հանգամանքները թույլ չեն տալիս Ֆրանսիային իրականացնել առաջին ուղղաթիռակրի հանձնումը»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ֆրանսիայի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ: