Ռուսաստանը չպետք է Սիրիայում հարձակողական գործողություններ իրականացնի և պարտավոր է ճնշում գործադրել նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի նա էլ հրաժարվի նման գործողություններից: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, օգոստոսի 1-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

 

«Չափազանց կարևոր է, որ Ռուսաստանն իրեն և Ասադի վարչակարգին հետ պահի հարձակողական գործողություններից, իսկ մեր պարտականությունն է՝ ընդդիմությունից հասնել նման գործողություններից հրաժարման»,- ասել է Քերին:

 

Պետքարտուղարը նշել է, որ Մոսկվայի և Դամասկոսի գործողություններն անհանգստություն են հարուցում: «Սրանք կարևոր օրեր են՝ որոշելու համար, թե Ռուսաստանն ու Ասադի վարչակարգը կհետևեն արդյոք ՄԱԿ-ի (Անվտանգության խորհրդի բանաձևին)»,- նրա խոսքից մեջբերում է անում ՌԻԱ Նովոստին:

 

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Քերին նաև մատնանշել է զինադադարի պահպանման եւ Ժնևում սիրիական ընդդիմության հետ բանակցությունների վերսկսման համար պայմանների ստեղծման կարևորությունը: