ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում Բաշար ալ-Ասադին Ռուսաստանի ցուցաբերած օժանդակությունը հարկ է հետաքննել որպես հնարավոր ռազմական հանցագործություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությունը, Քերին մեղադրել է Մոսկվային և Դամասկոսին Հալեպում քաղաքացի ական բնակչության նպատակային ահաբեկման մեջ:

 

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ Վաշինթոնում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում Քերին նաև տեղեկացրել է, որ Հալեպում հրթիռակոծության է ենթարկվել ևս մեկ հիվանդանոց, ինչի հետևանքով 20 մարդ է մահացել: Նրա խոսքով' նման հարվածները չեն կարող պատահականություն լինել, իսկ դրանց համար մեղավոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն:

 

«Ռուսաստանը և ռեժիմը պարտավոր են աշխարհին տալ մի փոքր ավելին, քան ուղղակի բացատրություններն այն մասին, թե ինչու են շարունակում հարվածներ հասցնել հիվանդանոցներին և բժշկական կենտրոններին, կանանց ու երեխաներին: Այս քայլերը մեզ մղում են դրանց լիակատար քննություն անցկացնելուն, իսկ դրանք կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը: