ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հորդորել է Մոսկվային և Անկարային՝ կարգավորել երկխոսությունը Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Քերին կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային՝ թույլ չտալ, որ ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպը սաստկացնի լարվածությունը երկու երկրի հարաբերություններում:
ՌԴ ԱԳ նախարարությունը հաղորդել է, որ Լավրովը խոսակցության ընթացքում «մատնանշել է Սիրիայում մարտական ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ ռուս-ամերիկյան հուշագրի կոպիտ խախտումը, որում ԱՄՆ-ը պատասխանատվություն է ստանձնել իր գլխավորած կոալիցիայի բոլոր մասնակիցների կողմից համապատասխան կանոնների պահպանման համար, ներառյալ Թուրքիան»:
Ռուսական կողմի տվյալներով՝ Լավրովը և Քերին նաև քննարկել են Ղրիմում էլեկտրականության անջատման հետ կապված իրադրությունը: