Ռուսաստանի հատուկ ծառայություններն ակտիվ դեր են խաղում Ուկրաինայում իրադրության ապակայունացման մեջ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին՝ հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին: Նրա խոսքով՝ ՌԴ-ի գործակալներին լուսանկարել են Սլավյանսկում:
Պետդեպարտամենտի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Կիեւի իշխանությունները հենց սկզբից կատարել են Ժնեւի համաձայնությունները, մինչդեռ, նրա խոսքով, աշխարհը տեսնում է, որ Ռուսաստանը «ապակայունացման ուղին է բռնել»: «Եթե Ռուսաստանն այսուհետեւ էլ ընթանա ներկայիս կուրսով, դա ոչ միայն պարզապես սխալ կլինի, այլեւ թանկ նստող սխալ»,- ասել է նա: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը վերստին կոչ է արել Մոսկվային նպաստել Ուկրաինայի իրադրության լիցքաթափմանը եւ նախազգուշացրել է, որ «հնարավորությունների պատուհանը» փակվում է:
Քերին արձագանքել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որը, ապրիլի 24-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով մեդիահամաժողովում, ասել է, որ Համացանցը «Կենտրոնական հետախուզական վարչության հատուկ նախագիծն է»:
«Ռուսաստանի ղեկավարներն ավելի ու ավելի վրդովեցուցիչ հայտարարություններ են անում, որպեսզի արդարացնեն իրենց գործողությունները, օրինակ՝ որ ԿՀՎ-ն է հորինել Համացանցը, որպեսզի վերահսկի աշխարհը կամ որ շենքերը գրաված եւ մինչեւ ատամները զինված ու միանգամայն նոր զինվորական հագուստով եւ բանակային կարգապահություն պահպանող անձինք սոսկ տեղացի ակտիվիստներ են, որոնք ձգտում են իրականացնել իրենց օրինական իրավունքները: Դա անհեթեթություն է, դա նկարագրելու համար այլ բառեր գոյություն չունեն»,- հավելել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կիեւի իշխանությունները կոպտորեն խախտում են ժնեւյան համաձայնությունները եւ պետք է առաջին քայլերն անեն հակամարտության ապաէսկալացման համար:
Ռուսաստանի ԱԳ նախարարության ապրիլի 24-ին տարածված հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ը պետք է ազդի Ուկրաինայի ղեկավարության վրա եւ դրդի Կիեւին դադարեցնելու ուժային գործողությունը երկրի հարավ-արեւելքում:
Իսկ նախագահ Պուտինը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի արեւելքում այդ երկրի իշխանությունների կողմից բանակի օգտագործումը «հետեւանքներ կունենա»:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը նախօրյակին հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանի մերձակայքում Ռուսաստանի կողմից անցկացվող զորավարժությունները «սադրիչ են» եւ չեն նպաստում ճգնաժամի կարգավորմանը: Ռուս-ուկրաինական սահմանի մոտ զորավարժությունների վերաբերյալ հաղորդագրությունները «տագնապ են առաջացնում» եւ սպառնում են իրադրության ապակայունացմամբ, ասել է նա:
ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի 24-ին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում զորավարժություններ են սկսվել Հարավային եւ Արեւմտյան ռազմական օկրուգների զորամիավորումների մասնակցությամբ:
Իր հերթին ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում Մոսկվան կհիշի այդ հանրապետության տարածքում ՌԴ-ի զինված ուժերի օգտագործման վերաբերյալ Դաշնության խորհրդի թույլտվության մասին: «Այդ հնարավորությունը մենք միշտ ունենք, բայց, իհարկե, ցանկալի չէր լինի»,- նշել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում բռնությունների շարունակվելու դեպքում Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խո րհրդի արտահերթ նիստ կհրավիրի, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: