«Թալիբան» շարժման զինյալները «կանգ չեն առնի»՝ զավթելով Աֆղանստանում իշխանությունը: Այս կարծիքին է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայում բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին։ Նա այս մասին գրառում է կատարել Facebook-ում:
«Նրանց հաջորդ թիրախը լինելու է Կենտրոնական Ասիան, և Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրներում կան ոչ միայն պատրաստ ռեժիմներ անկման համար, այլև Ռուսաստանի համար շատ «տաք շրջան» կլինի հարավից իսլամի մեծ հարձակման համար»,-ասել է Սաակաշվիլին:
«10 տարի առաջ ես ասել էի, որ հենց ամերիկացիները հեռանան Աֆղանստանից, Աֆղանստանի կառավարության տապալման և թալիբների ամբողջական հաղթանակի համար կպահանջվի առավելագույնը մի քանի ամիս»: «Ցավոք, ես ճիշտ էի», - գրել է վրացի քաղաքական գործիչը: Նրա կարծիքով՝ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Աֆղանստանի բանակը, որը զինված և պատրաստված է ԱՄՆ-ի կողմից, թալիբների նկատմամբ «դիմադրության ոգի» չունի:
Նա կարծում է, որ «տեղի բնակչությունը կռվելու կամք չուներ և հանգստանում էր միայն ամերիկյան սվինների շնորհիվ»:
«Աֆղանստանը դաս է բոլոր ժողովուրդների համար, բոլորիս համար։ Ամերիկացիները կարող են օգնել միայն այն դեպքում, եթե դուք պայքարելու կամք դրսևորեք», - բացատրել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրավիճակը վատթարացել է ԱՄՆ֊ի՝ իր զորքերը ամբողջությամբ դուրս բերելու որոշման ֆոնին: Օգոստոսի 15-ին թալիբները մոտեցան Քաբուլին և հայտարարեցին, որ Աֆղանստանի ողջ տարածքն անցել է իրենց տիրապետության տակ: Նախագահ Աշրաֆ Գանին հրաժարական տվեց և լքեց երկիրը: