Կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել, որ ոռոգման համակարգում պետք է լինեն լրջագույն լուծումներ: «Պետք է հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլն է շրջանառում, ՀՀ-ում «ջրային մաֆիայի» գոյությունը և, եթե այդպես է՝ միանշանակ է, որ այդ «ջրային մաֆիան» պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Գաղտնիք չէ, որ Արարատյան դաշտն անապատացման վտանգի տակ է: Արարատի ու Արմավիրի մարզերում ստորգետնյա ջրային պաշարների նվազումն արդեն զգացնել է տալիս: Ստորգետնյա քաղցրահամ ջրերը, որոնք կոչվում են նաեւ արտեզյան ջրեր, դուրս են բերվում հորատանցքերով: Արտեզյան ջրով է Արարատյան դաշտի գյուղերի բնակչությունը լուծում խմելու եւ ոռոգման ջրի հարցը: Ձկնաբուծական տնտեսությունները մեծ քանակությամբ ջուր են օգտագործում, իսկ ընդերքը չի հասցնում վերականգնել հասցված վնասը: Իսկ խոշոր ձկնաբիզնեսում, ինչպես հայտնի է՝ խոշոր պաշտոնյաներ են ընդգրկված: Այս դեպքում՝ հիմնականում նախկին պաշտոնյաներ:
Խոսքը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին է, ում տարիներ շարունակ մեղադրել են գյուղացիների ջուրը սեփական հողատարածքների և ձնկաբուծարանների համար օգտագործելու մեջ: Կարծես թե այդ երևույթը ամբողջությամբ տեղավորվում է «ջրային մաֆիա» հասկացության մեջ, իսկ Փաշինյանի տոնայնությունից արդեն իսկ ուրվագծվում է ԱԱԾ հաջորդ թիրախը: Եթե իրավապահ մարմինները լրջորեն զբաղվեն վերոնշյալ մաֆիոզ կծիկը քանդելով, ակնհայտ է, որ Աբրահամյանի դուռը թակելու են առաջիններից: Ընդ որում՝ ուշագրավ է, որ Աբրահամյաններն արդեն իսկ գտնվում են նշանառության տակ՝ նախ կալանավորվեց նախկին վարչապետի եղբայրը, այնուհետև, Աբրահամյանի վարորդը: Ինչպես ասում են՝ օղակը նախկին վարչապետի շուրջ՝ սեղմվում է…