Ռուսաստանը չի պատրաստվում վերասկսել լոլիկի ներմուծումը Թուրքիայից: Այդ մասին ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտնել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մենք ժամանակին լուրջ ազդանշան ենք տվել հայրենական բիզնեսին՝ մեր ռուսական շուկան լոլիկով եւ ընդհանրապես բանջարեղենով հագեցնելու հարցերի վերաբերյալ, խոսքը վերաբերում է վարունգին են եւ շատ այլ բաների: Իհարկե, ծախսվել են պետական միջոցներ: Եվ բիզնեսն արձագանքել է, նա գնացել է դրան: Դրանք նաեւ վարկային ռեսուրսներն են, նաեւ ռիսկերն են: Իհարկե, սեփական ապրանքարտադրողների նկատմամբ ոչ ճիշտ ու անարդարացի կլիներ հետդարձ կատարելը: Մենք, իհարկե, դրան ոչ միայն պատրաստ չենք, այլեւ դա չենք անելու»,-ասել է նախարարը, պատասխանելով այն հարցին, թե դեռ որքան ժամանակ թուրքական լոլիկ չեն լինի ռուսական խանութների վաճառասեղաններին:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտնել էր, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ՌԴ-ին թուրքական լոլիկի մատակարարումների սահմանափակումների հարցն օգոստոսի 18-ին կքննարկեն Իզմիրի ցուցահանդեսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: