Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում սեպտեմբերի երկրորդ կեսին: Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողության շրջանակում լրագրողների հարցերին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Օրակարգում լինելու են այն հարցերը, որոնց մասին բազմիցս ասել ենք. ստեղծել համապատասխան պայմաններ բանակցային գործընթացն առաջ տանելու համար, այսինքն՝ այն, ինչ եղել է, ինչի շուրջ մենք բանակցում ենք: Բանակցություններին միշտ էլ պետք է տրամադրված լինել, դրանք վարել, որովհետեւ այլընտրանք չկա»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ նախագահների հանդիպման մասով կոնկրետ ոչինչ չկա: