ՄԱԿ-ը 5,9 միլիոն դոլար կհատկացնի ԿԺԴՀ-ում սաստիկ երաշտից տուժածներին օգնելու համար: Օգոստոսի 15-ին այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը:
«ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը հայտնել է Մանկական հիմնադրամին եւ Պարենավորման ծրագրին 2,8 եւ 2,5 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ տարերքի զոհերին բժշկական օգնություն ցույց տալու եւ այն հիվանդությունների տարածումը կանխելու գործունեության համար, որոնց նպաստում է երաշտը»,- նշել է գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ԿԺԴՀ-ում հացաբույսեր արտադրող հիմնական տարածաշրջաններն այս տարի սաստիկ տուժել են ապրիլին սկսված չորային եղանակից: ՄԱԿ-ի տվյալներով՝ ընթացիկ տարվա հուլիսի դրությամբ ԿԺԴՀ-ի տարբեր շրջաններում ոչնչացել է բերքի 16-ից մինչեւ 59 տոկոսը: Առանձնակի վնաս է հասցվել բրնձի արտադրությանը, որի բուծման համար շատ ջուր է պահանջվում:
ԿԺԴՀ-ին միջոցներ հատկացնելու որոշումն ընդունվել է Կորեական թերակղզում ռազմական դիմակայության սրման ֆոնին, որին հանգեցրել են Փենյանի եւ Վաշինգտոնի մի շարք սուր հայտարարությունները: Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ԿԺԴՀ-ն չպետք է սպառնա ԱՄՆ-ին, եւ խոստացել է հարձակումներին պատասխանել «կրակով եւ ցասումով, որոնք աշխարհը երբեք չի տեսել», հաղորդել է ՏԱՍՍ-ը: