Օգոստոսի 15-ից մեկնարկել է Եռասերունդ երկրապահի ամենամյա ուխտագնացությունը դեպի Արցախ՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Ի դեպ, ամեն ամիս երկրապահ կամավորականները մի քանի խմբերով այցելում են Հայաստանի և Արցախի մարտական հենակետեր, սահմանային զորամասեր և այս անգամ երկու միջոցառումները ժամանակային առումով համընկան:
Արդեն օգոստոսի 17-ին մեկնարկել է երկրապահական 500 հոգանոց խմբի պաշտոնական ուխտագնացությունը Արցախում: Նրանք բոլոր ուղղություններով այցելել են մարտական հենակետեր և սահմանային զորամասեր:
Երկրապահները եղել են նաև զոհված տղաների հիշատակին նվիրված հուշաքարերի մոտ՝ Թալիշից մինչև Արաքսի ափ: Իսկ զորամասերում, համագործակցելով հրամանատարական կազմի հետ, լավագույն զինծառայողներին երկրապահական պարգևների և պատվոգրերի են արժանացրել: Լավագույն ծառայության համար երկրապահական մեդալների և պատվոգրերի են արժանացել դիրքապահ զինվորներ Հովհաննես Մանուկյանը, Գրիգոր Մելիքյանը և հրամանատար Ալիկ Ղանդիլյանը: Վաղվանից երկրապահ ուխտագնացներին կմիանան երգի և պարի խմբերը, որոնք Արցախ աշխարհի բոլոր վարչական շրջանների բնակչությանը ուրախ համերգներ և հրաշալի պահեր կպարգևեն: Ի դեպ՝ այս առումով մեծ դերակատարում ունի Էջմիածնի քաղաքապետարանը, ի դեմս երկրապահ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:
Տոնական համերգները կմեկնարկեն Գորիսի զորամասից: Նաև նշենք, որ Էջմիածնի քաղաքապետարանը Հադրութի և Մատակերտի դպրոցների առաջին դասարանի աշակերտներին նվիրել է գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ, քանի որ այս երկու քաղաքները համարվում են Էջմիածնի քույր քաղաքներ: Իսկ Արցախի բոլոր առաջին դասարանցիներին ԵԿՄ-ն արդեն մի քանի տարի է որպես ավանդույթ նվիրում է գրենական պիտույքներով պայուսակեր:
Քրիստինա Աղալարյան
Արցախ