Երկրապահ կամավորականների միությունը գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ շարունակում է ամենամյա ուխտագնացությունը Արցախում։ Ուխտավորները այցելեցին Մարտակերտի, Հադրութի շրջանի գյուղեր, ծաղկադրումներ կատարեցին զոհված հերոսների հուշարձաններին, զրուցեցին տեղի բնակիչների հետ։ Մանվել Գրիգորյանին և երկրապահ կամավորականներին ուխտագնացության առաջին օրերին Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջանի բնակիչներն ընդունեցին մեծ ուրախությամբ, աղուհացով, փոքրիկ հյուրասիրություններ կատարելով, արցախցուն վայել հյուրասիրությամբ։ Հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո երկրապահի դերն ու նշանակությունն անհամեմատ ավելի մեծ է Արցախում, քան երբևէ։

 

 

Արդեն 10 տարի է Երկրապահ կամավորական միությունը Արցախի առաջին դասարանցիներին նվիրում է պայուսակներ՝ գրենական պիտույքներով։ Առաջին դասարանցիների ծնողներն արդեն գիտեն, որ պայուսակի և գրենական պիտույքների հարցը լուծված է։ Այս տարի ևս բացառություն չէր․ Արցախի բոլոր շրջաններում առաջին դասարանցիները ստացան իրենց պայուսակները և գրենական պիտույքները։

 

Ուխտագնացության մասնակիցները ծաղկադրումներ են կատարել Արցախյան ազատամարտի զոհված հերոսների անմահ հիշատակին կառուցված հուշակոթողների մոտ։ Ազատամարտի մասնակիցներ Հայրապետ Նավասարդյանի, Մեխակ Մեխակյանի, Արա Հարությունյանի, Թաթուլ Խաչատրյանի և այլոց հիշատատակին ծաղիկներ խոնարհվեցին։

 

 

Հադրութում գեներալ Մանվելը հադրութցիներին վստահեցրեց, որ սահմաններն ամուր են, երկրապահը՝ միշտ իրենց կողքին։ «Ես խոնարհվում եմ հերոսներ ծնած հադրութցի հերոս մայրերի առաջ: Խորին հարգանք եմ արտահայտում բոլոր այն հադրութցի քաջերի նկատմամբ, ովքեր արիաբար մարտնչեցին թուրք ազերու պարտադրած պատերազմում, ովքեր կյանքը տվեցին, առողջությունը տվեցին այս ազատամարտում: Կարող եմ հարյուրավոր հերոս հադրութցիների անուններ հիշատակել: Վստահեցնում եմ եռասերունդ երկրապահական ընտանիքի անունից, որ Հադրութին՝ մեր պատմական Դիզակ աշխարհին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում հազարներով կհայտնվենք առաջնագծում»։

 

 

Իսկ մարտակերտցիներին Մանվել Գրիգորյանն ասաց՝ Մարտակերտն այսօր հպարտորեն և հաստատուն քայլերով զարգանում է հայկական Արցախ պետությունում․ «Ապարդյուն են անցել Մարտակերտին տիրանալու թուրքական ջանքերը 1989-94-ի պատերազմի օրերին: Ապարդյուն անցավ նաև ադրբեջանական սադրանքն այս տարվա ապրիլին: Միասնական հայությունը հերթական հուժկու հակահարվածը տվեց ազերիներին՝ հարկադրելով զսպել զավթողական հավակնությունները»։

Ուխտագնացներն այսօր կլինեն Շուշիում և Ստեփանակերտում։

Քրիստինա Աղալարյան

Արցախ