Ամառային արձակուրդներին մնացել են հաշված օրեր, իսկ դա նշանկում է, որ 2018-ին ընդառաջ ծավալվելիք ներքաղաքական բուռն գործընթացներն ամենևին էլ սարերի հետևում չեն: Ճիշտ է՝ որոշ վերլուծաբաններ ու քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ 2018-ը ևս Հայաստանի ներիշխանական բուրգի վերջնական ձևավորման տեսանկյունից վճռական կարող է և չլինել՝ որպես վերջնական ու վճռական տարեթիվ այս անգամ արդեն մատնանշելով 2022-ը, սակայն, այն, որ առնվազը հանգրվանային իմաստով 2018-ն, իրոք, անկարևոր չես համարի, անքննարկելի է:

Վերջին շրջանում, շատերը նկատած կլինեն, բավական ակտիվացել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրջ ծավալվող խոսակցություններն, ինչը, հաշվի առնելով ժամանակահատվածի յուրահատկությունները, ոչ մի կերպ պատահական չի կարելի համարել: Ավելին՝ վերջին օրերին նույնիսկ լուրեր են շրջանառվում, թե բավական ջերմացել են ներկա ու նախկին վարչապետների փոխհարաբերությունները՝ հանգամանք, որը չափազանց խոսուն կարելի է համարել՝ հաշվի առնելով միառժամանակ առաջ երկու գործիչների միջև ձևավորված մրցակցային հարաբերությունների փաստը: Մի խոսքով՝ Աբրահամյանի անունը կրկին հայտնվել է մամուլի առաջին էջերին, իսկ նման բան, ինչպես հայտնի է, մեզանում պատահական չի լինում:

Հարց է առաջանում՝ եթե, այնուամենայնիվ, ականատես դառնանք առաջիկայում Հովիկ Աբրահամյանի քաղաքական ակտիվացմանն, ինչը միանգամայն հավանական է, ապա ինչպիսի՞ դեր է նրան վերապահվելու դաշտում կամ ի՞նչ կոնկրետ ֆունկցիաներ է նա իրականացնելու: Իրականում բոլորի համար էլ ակնհայտ է, որ այս ընթացքում Հովիկ Աբրահամյանը գրեթե լիովին սպառել է ունեցած ներուժն՝ ինքնուրույն գործչի դերում հանդես գալու համար: Ավելին՝ հանուն արդարության պետք է նկատել, որ Աբրահամյանին այսօր առավելապես խթան են հանդիսանում Գագիկ Ծառուկյանի ունեցած ռեսուրսները՝ հանգամանք, որն է՛լ ավելի է ընդգծում Աբրահամյանի կախյալ վիճակը շրջապատից:

Հետևաբար՝ եթե Աբրահամյանը վերադառնա էլ քաղաքական ակտիվ թատերաբեմ, ապա նա այստեղ հանդես է գալու ինչ-որ մեկի «օգնականի» կարգավիճակում, որպես օժանդակ ուժ, բայց ոչ երբեք որպես ինքնուրույն խաղացող: Բանն այն է, որ Աբրահամյանն իրականում քիչ ռեսուրսներ չունի իր տրամադրության տակ, խնդիրը պարզապես այն է, որ պայմանավորված քաղաքական ինչ-ինչ իրողություններով, նրան այսօր փաստացի զրկել են իր ռեսուրսները լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունից ու սահմանել որոշակի եզրագիծ, որը նա անցնել չի կարող:Հետևաբար՝ եթե ինչ-որ կոնսենսուսի արդյունքում Աբրահամյանին կրկին ակտիվ քաղաքական դաշտ իջեցնեն, ինչը միանգամայն հավանական է, ապա դրա արդյունքում շահելու է նա, ում հովանու ներքո էլ հենց տեղի է ունենալու Աբրահամյանի վերադարձը. վերջինիս ռեսուրսները ծառայեցվելու են գլխավոր հովանավորի շահերին: Իսկ թե ով կլինի Աբրահամյանի հավանական հովանավորը, սա, թերևս, արդեն խոսակցության միանգամայն այլ հարց է, որն, ամենայն հավանականությամբ, լուծվելու է Մոսկվայի մակարդակով (նախագահի այցը Սոչի չի կարող անհետևանք մնալ նաև ներքաղաքական դաշտի համար. ապագա վարչապետի անձի շուրջ քննարկումներն անխուսափելի են լինելու):

Չնայած չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանն ամենևին էլ չցանկանա հանդես գալ երկրորդ պլանի դերակատարի դերում ու կրկին փորձի քաղաքական դաշտում ինքնուրույն խաղացողի դերում հանդես գալ: Համենայնդեպս՝ որոշ բաներ հուշում են, որ Աբրահամյանն ինչ-որ կարևոր բանի է պատրաստվում՝ հանուն իր այդ նպատակի նույնիսկ ձերբազատվելով Հայաստանում ունեցած իր ունեցվածքից: Իսկ տրամաբանությունը շատ հստակ է՝ նախքան մեծ խաղի մեջ մտնելն ազատվել քաղաքական մրցակիցների ձեռքում որպես իր նկատմամբ ճնշման պոտենցիալ գործիք ծառայող գործիքներից՝ խուսափելու ապագայում շանտաժի ենթարկվելուց (Աբրահամյանը վաճառել է «Արտֆուդ» ընկերությունում իր ընտանիքին պատկանող բաժնեմասը, Աբրահամյանի եղբորը պատկանող ավազի հանքը նույնպես վաճառվել է և այսպես շարունակ):

Թե ինչ կլինի հետագայում, հայտնի կդառնա, թերևս, առաջիկայում, բայց այն, որ քաղաքական աշունը չափազանց թեժ է լինելու, այլևս կասկած չի հարուցում. ներքաղաքական բուրգում վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ