Հայաստանում, որևէ մեկի համար նորություն չէ, սուպերմարկետների նկատմամբ հասարակության վերաբերմունքն իրականում ամենևին էլ միանման չէ: Ու խնդիրն ամենևին էլ այն չէ, որ դրանց առատության պատճառով այսօր փոքր ու միջին առևտրային կետերի գործերն ուղղակի շատ վատ են ընթանում, առևտուրն է պակասում, այլ այն, որ եվրոպական առևտրային քաղաքակիրթ ստանդարտների քողի ներքո՝ իրականում նույն արևելյան հետամնաց տրամաբանությունն է գերիշխում` գերշահույթ` ցանկացած գնով, նույնիսկ՝ հասարակական առողջության հաշվին:

Պարզվում է` մինչ ՍԱՊԾ-ն նոր կարգուկանոն է հաստատում նույն հացարտադրողների գլխին` նրանց բեռնավորելով անտանելի ծանրությամբ պարտավորություններով, փորձելով իբր փայլել իր խստությամբ ու օրենքի հանդեպ նախանձախնդիր վերաբերմունքով, մեկ այլ տեղ` հանրաճանաչ գործարար Սամվել Ալեքսանյանի օբյեկտներից «Երևան Սիթի»-ներում, իսկական բարձիթողի վիճակ է տիրում. փորձագետներն ահազանգում են, որ արդեն տևական ժամանակ է, ինչ այստեղ ժամկետանց քաղցրեղէն է վաճառվում, ու բոլոր ջանքերը` ստեղծված իրավիճակը շտկելու, համապատասխան մարմինների ու չինովնիկների ուշադրությունը բևեռելու խնդրին, անհաջողության են մատնվում. նույն ՍԱՊԾ-ն, որը, եթե ոմանք չգիտեն՝ գյուղնախարարության հովանու ներքո գտնվող կառույց է, ոչ մի կերպ չի ցանկանում արձագանքել` ձևացնելով` նման խնդիր մայր բնության մեջ գոյություն չունի:

Թե ինչի մասին է վկայում այս իրավիճակը, թերևս, երկար-բարակ բացատրելու կարիք չկա. սա ցայտուն վկայությունն է այն բանի, ինչը կոչվում է «հայաստանյան դաժան իրականություն»: Փաստորեն` ՍԱՊԾ-ի «դուխը» բավարարում է միայն «անկռիշ» փռերը փակելու, բայց ոչ երբեք հանրահայտ օլիգարխների ապօրինությունները սանձելու համար: Եվ ինչպե՞ս հասկանանք այս իրավիճակը, ո՞վ է սրա համար պատասխանատվություն կրելու: Սամվել Ալեքսանյա՞նը, թե՞ համապատասխան չինովնիկական կազմը…Ինչ-որ մեկին վերջիվերջո սրա համար պատժել պե՞տք է, թե՞ ոչ: Երևում է` ոչ:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ