Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Ավազառ» ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսի ուղևորներն իրենց դժգոհությունն էին հայտնում ընկերության տնօրինությունից՝ ընդգծելով, որ նրանց պատճառով մեկ ամբողջ օր անցկացրել են անցակետում: Ուղևորի փոխանցմամբ՝ ընկերության տնօրինությունն ավտոբուսում բարձել է մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքներ, բաստուրմա, ծխախոտ և այլն, մի խոսքով, ըստ մեր զրուցակցի, չարտոնագրված ապրանքներ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Ավազառ» ՍՊԸ-ի միջպետական ուղևորափոխադրման պատասխանատու Վիգեն Հարությունյանը նշեց, որ ընկերության ավտոբուսն անցել է մի քանի մաքսակետերով և ոչ մի խնդիր չի եղել, սակայն Կաբարդինո Բալկարիա-Օսեթիայի «Ուռուխ» կոչվող անցակետում ստուգել են ավտոբուսը, և, քանի որ մեքենայում 40 լիտր ծիրանի օղի է եղել, քաշքշուկներ են սկսվել:
«Մենք կանդրաբանդա չենք կարող անցկացնել մաքսակետով, իսկ մեզ բռնել է ոչ թե մաքսակետը, այլ՝ ոստիկանությունը: Այսինքն՝ մենք, ինչ է, չարտոնագրված ապրանքները կարո՞ղ ենք անցկացնել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի անցակետով, բայց ոստիկանության բաժնով չե՞նք կարողանում տանել: Ինչպե՞ս կարող է նման բան լինել»,- ասաց նա:
Ընկերության միջպետական ուղևորափոխադրման պատասխանատուն չի հերքում, որ ավտոբուսում խմիչք է եղել, սակայն մեր այն հարցին՝ 40 լիտր ծիրանի օղին մե՞կ հոգու է պատկանել, Հարությունյանը երկակի պատասխանեց՝ մեկ նշելով, որ խմիչքեղենը պատկանել է մեկ ուղևորի, քիչ հետո էլ ասաց՝ խմբաքանակը կարող է պատկանել ուղևորների մի մասին, կամ գուցե մի մասն էլ ծանրոցով է ուղարկած եղել: Ի վերջո այդպես էլ չստացվեց պարզել, թե իրականում ում է պատկանել օղու նշված խմբաքանակը: «Մենք ուղևորներին կամ ծանրոցներ ուղարկողներին նախապես զգուշացնում ենք, որ անթույլատրելի բաներ ուղարկելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ: Կամ օրինակ խմիչքի դեպքում, կարող են մաքսատանը վերցնել: Ուղևորը, ծանրոց ուղարկողը կամ հրաժարվում է ուղարկելուց, կամ էլ ասում է՝ ոչինչ թող վերցնեն թափեն»,- նշեց մեր զրուցակիցը:
Հարությունյանն ընդգծեց, որ ուղևորների խնդիրն արդեն լուծվել է, ավտոբուսն այսօր շարունակել է ճանապարհը. «Ուղևորներ կան, որոնց գումարները մենք առավոտյան փոխանցել ենք, իսկ մյուսներն ավտոբուսով են տեղափոխվել: Դիմել ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, Տրանսպորտի և կապի նախարարությանը, խնդիրը լուծվել է, որոշումը կայացվել է և մեքենան շարժվել է անցակետից: Իսկ օղին վերցրել են, որպեսզի փորձաքննության ենթարկեն»:
Նրա խոսքով՝ ամբողջ խնդիրը նրանում է, որ ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են լիցենզավորված ավտոբուսի կանոնավոր ուղևորափոխադրմանը, որն, ըստ ընկերության պատասխանատուի, պարբերաբար տեղի է ունենում. «Եթե մաքսայինով անցել է ապրանքը, ոստիկանության բաժինն ի՞նչ կապ ունի օղու հետ, որ ստուգումներ իրականացնի: Դա մշտական բնույթ է կրում: Ռուսաստանի հանրապետությունով ուղևորափոխադրող ցանկացած ընկերություն խնդիր է ունենում ոստիկանության և ոչ թե մաքսայինի հետ, իսկ դրանք տարբեր բաներ են»:
Սոնա Հարությունյան