Համաշխարհային բանկը անփոփոխ է թողել 2017 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը։ Ինչպես հունվարին, այժմ նույնպես ՀԲ-ն գտնում է, որ Հայաստանն այս տարի կունենա 2.7% տնտեսական աճ։ Այս մասին նշվում է ՀԲ-ի՝ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ-2017» զեկույցում: Նման տեսակետ ունի նաև ՀՀ Կենտրոնական բանկը: Համաձայն ԿԲ ամենալավատեսական կանխատեսումների, Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,8 տոկոս: Նման կերպ ԿԲ-ն  փորձում է կառավարությանն ու Կարեն Կարապետյանին ապահովագրել վատ վիճակում հայտնվելու հեռանկարից, եթե տարեվերջյան ցուցանիշներում ԱՎԾ մոտ չստացվի 6 տոկոս տնտեսական աճ նկարել, իսկ դա ավելի քան հավանական է:

Ստացվում է, որ մեզ մոտ զբաղվածների թիվը նվազում է, բայց ունենք տնտեսական աճ: Այդ կապը չկա, որովհետև արտահանման հաշվին աճ են ապահովում, իսկ դա հումքային աճ է: Սա ցույց է տալիս այն, որ ոչ թե բնակչությունն է աճ ստեղծում, այլ հումքային բազան օգտագործելով է այդ աճն ապահովվում, ինչն էլ կարելի է որպես բացասական երևույթ դիտարկել: Այսինքն՝ աճ ստեղծողը, որը մարդն է, կրճատվում է: Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարել էր սպասվող 3,2 միլիարդ դոլարի ներդրումների մասին, որը, ինչպես հետագայում պարզվեց, տարվա կտրվածքով դրսևորվելու է միայն 850 միլիոն դոլարի տեսքով:  Վարչապետի հայտարարած ներդրումները կլինեն, եթե երկրում ցնցումներ, ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն: Իսկ իրավիճակի վերահսկողությունն ամենևին էլ Կարեն Կարապետյանի ձեռքերում չէ:

 

Ստելլա Խաչատրյան