Աղիքային վարակիչ հիվանդությունների թիվը հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է: Այնուամենայնիվ, հիվանդացությունը բարձր է եղել նախորդ ամիսների համեմատ: Այս մասին է փաստում «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» 2017թ-ի հուլիս ամսվա զեկույցը:
2017-ի հուլիսին արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 1079 դեպք: Դրանցից 333-ը գրանցվել են Երևանում, իսկ 746-ը՝ մարզերում: Հուլիս ամսին արձանագրվել է հիվանդացության այս տարվա ամենաբարձր ցուցանիշը: Քանակական այս տատանումները բնորոշ են աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ սեզոնայնությամբ: Այնուամենայնիվ, հուլիսին աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել:
Վարակի հետագա տարածումն ու բռնկումը կանխելու նպատակով արձանագրված օջախներում իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ և համաճարակային միջոցառումներ:
Միևնույն ժամանակ խմելու ջրի մանրէաբանական ցուցանիշներով հետազոտության արդյունքում 6636 նմուշից 1199-ում արձանագրվել է շեղում, իսկ սանիտարաքիմիական ցուցանիշներով հետազոտության արդյունքում շեղում է հայտնաբերվել 132-ում: Խմելու ջրի շեղումները կապված են ինչպես վարակազերծման բացակայության, այնպես էլ ջրամատակարարման համակարգերի քայքայվածության հետ: Շեղումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է բոլոր շահագրգիռ կառույցներին: