Մոսկվայի օկրուգային զինվորական դատարանը սեպտեմբերի 7-ին 12 տարվա ազատազրկման է դատապարտել ձեռնարկատեր Արամ Պետրոսյանին, որն անցյալ տարի պատանդներ էր վերցրել «Սիթիբանկի»՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող մասնաճյուղում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Դատարանը որոշեց Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՌԴ Քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի երկրորդ մասով («Երկու եւ ավելի անձանց պատանդառություն՝ առարկայի՝ որպես զենքի օգտագործմամբ») եւ 205-րդ հոդվածի առաջին մասով («Ահաբեկչական գործողություն») եւ նրան պատիժ նշանակել 12 տարվա ազատազրկման տեսքով: Նա պատիժը կրելու է խիստ ռեժիմի գաղութում»,-դատավճիռը հրապարակել է դատավորը: Բացի այդ, դատարանը Պետրոսյանի ազատության սահմանափակում է նշանակել մեկ տարի ժամկետով. պատիժը կրելուց հետո նա առանց մասնագիտացված պետական մարմնի թույլտվության չի կարողանա մեկնել Մոսկվայի մարզի սահմաններից դուրս եւ փոխել բնակության վայրը: Պետրոսյանը կալանքի տակ է վերցվել դատարանի դահլիճում: Դուրս գալով նիստերի դահլիճից՝ նա բացականչել է. «Պատմությունն ինձ կարդարացնի»:
Ավելի վաղ Արամ Պետրոսյանը հայտարարել է, որ մասամբ է իրեն մեղավոր համարում: Նրա խոսքով՝ ինքը զղջում է կատարած հանցագործության համար: «Ես ահաբեկիչ չեմ, ես նախագահի զինվորն եմ: Ես ցանկանում եմ պատիժ ստանալ իմ կատարած հանցագործությանը համաչափ»,-նշել է գործարարը:
2016 թվականի օգոստոսի 24-ի երեկոյան Պետրոսյանը չորս մարդու է պատանդ վերցրել Մոսկվայի Մեծ Նիկիտսկայա փողոցի բանկում՝ սպառնալով պայթեցնել իր կրծքի վրա գտնվող առարկան, որը նման էր պայթուցիկ սարքի: Չնայած սպառնալիքներին, նա երեկոյի ընթացքում ազատ է արձակել պատանդներին ու հանձնվել:
Հոգեբուժական փորձաքննության եզրակացությունների համաձայն, մեղադրյալը մեղսունակ է եւ գիտակցել է իր գործողությունների բնույթը:
Պետրոսյանը միջադեպից չորս տարի առաջ խնդիրներ է ունեցել բիզնեսում եւ պարտքերի տակ է ընկել: Այդ ժամանակվանից ձեռնարկատերը պարբերաբար ձեռնարկատերերի աջակցման նախաձեռնություններ էր ուղարկում պետական իշխանության մարմիններ: Պատանդառությունից առաջ Պետրոսյանը YouTube-ում տեսահոլովակ է զետեղել, որում դիմել է Ռուսաստանի նախագահին եւ նախազգուշացրել, որ «կդիմի ՌԴ քրեական օրենսգրքի կտրուկ, ռեզոնանսային խախտման»: