Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 1-ից ուսումնական գործընթացը կաթվածահար է եղել: Ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց ուղարկել՝ պատճառաբանելով, որ չեն կիսում ԿԳ նախարարության՝ դպրոցների օպտիմալացման մասին որոշումը, ինչը լրացուցիչ բեռ է դառնալու իրենց ընտանիքների և երեխաների վրա, ովքեր ստիպված են լինելու դպրոց հաճախել հարևան գյուղում:
Փյունիկցիներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին նաև Կառավարության շենքի առաջ՝ Կառավարության ղեկավարից պահանջելով չփակել Փյունիկի դպրոցը:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արտավազ համայնքի ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը նշեց, որ Արտավազ համայնքի մեջ ընդգրկվող Փյունիկ գյուղի դպրոցը Կառավարության որոշմամբ այս պահին չի օպտիմալացվի:
«Նախագիծը սառեցվել է, երգարաձգվել վեց ամսով, այնպես որ՝ վաղվանից երեխաները կգնան դպրոց և ուսումնական տարին կմեկնարկի ու կշարունակվի իր բնական հունով»:
Դիտարկմանը, որ այդ բնականոն հունն արդեն խաթարվել է, քանի որ երեխաներն արդեն մեկ շաբաթից ավել է՝ չեն մասնակցել դասերին, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Փյունիկի դպրոցի օպտիմալացման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշակերտների թվաքանակը փոքր է, դպրոց է հաճախում 40 աշակերտ»:
Հարցին՝ այնուամենայնիվ, ինքն ի՞նչ կարծիք ունի մեկնարկած օպտիմալացման ծրագրի վերաբերյալ, համայնքի ղեկավարն ասաց. «Դե, եթե աշակերտների թիվը փոքր է, այդ դպրոցները կօպտիմալացվեն, բայց սա իմ որոշելու հարցը չէ, դա Կառավարությունն ու Կրթության նախարարությունն են որոշում»-,ասաց Հայրապետյանը՝ խուսափելով խնդրի վերաբերյալ իր անձնական դիրքորոշումն արտահայտելուց:
Հիշեցնենք, որ խնդրին անդրադարձել էր նաև ՄԻՊ-ը՝ նշելով, որ վտանգվում է Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոց հաճախող երեխաների կրթության՝ երաշխավորված իրավունքը: Պետությունը պարտավոր է երաշխավորել կրթության հավասար հնարավորություններ, մատչելիություն և շարունակականություն:
Այս առումով, երեխայի շահերը պետք է լինեն առաջնահերթ ուշադրության առարկա:
Լուսանկարը՝ hetq.am-ի