Ռուս խաղաղապահները Փառուխում անցակետեր են տեղադրել և թույլ չեն տալիս գյուղացիներին բնակվել գյուղում՝ ելնելով նրանց անվտանգությունից։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի Փառուխ գյուղի համայնքի ղեկավար Վարդան Միքայելյանը:

Վերջինս նշեց, որ գյուղում այդ վիճակն է մարտի 24-ից, երբ Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը, առաջ էին եկել ու զբաղեցրել ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը.

 

«Բնակչության մեծամասնությունը գյուղը լքել է հենց մարտի 24-ից, իսկ մի քանիսը, որոնք դեռ մնացել էին, վերջերս են լքել գյուղը: Հիմա բոլորը ցիրուցան են եղել Հայաստանով մեկ, կեսը բարեկամի տանն է մնում, կեսը՝ վարձով: Իրերը թողել են, բնակարանները կողպել ու հեռացել»,- ասաց համայնքի ղեկավարը:

 
 

Նա նշեց, որ ռուս խաղաղապահները, անգամ, իրեն թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ. «Անգամ ինձ չեն թողնում գյուղ մտնել, ուր մնաց թե՝ գյուղացիներին: Մի քանի անգամ փորձել եմ մտնել գյուղ, բայց արգելել են»,- ընդգծեց Վարդան Միքայելյանը՝ հավելելով, որ վտանգավոր է գյուղում ապրելը․ խաղաղ բնակավայրերի և ադրբեջանցիների դիրքերի միջև հեռավորությունը 300 մետր է:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը՝ առաջ գալով ու զբաղեցնելով ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ էին սկսվել, որպեսզի ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադառնան, սակայն վերջինները շարունակում են գյուղի մոտակայքում մնալ։

Զվարթ Պետրոսյան