Ադրբեջանի վերջին հարձակման թիրախ դարձած Գեղարքունիքի մարզի Սոթք սահմանամերձ գյուղում ընդհանուր վիճակը հուսադրող չէ։
Թեպետ, ինչպես ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում վստահեցրեց գյուղապետ Սևակ Խաչատրյանը, վերջին օրերին կրակոցներ չկան, այդուհանդերձ, բնականոն կյանքը չի վերականգնվել։
«Շարունակում ենք համապատասխան ուսումնասիրություններ և ճշտումներ անել, թե ինչ վնաս է պատճառվել Սոթքին՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով։ Այս պահին կրակոցներ չկան»,-նշեց Խաչատրյանը։
Հարցին, թե նախքան վերջին էսկալացիան, ընդհանուր առմամբ, քանի բնակիչ ուներ Սոթքը, գյուղապետը նշեց․
«Գյուղն ունի 983 բնակիչ։ Ցավոք, մեծ մասը լքել է գյուղը։ Այդուհանդերձ, մարդիկ աստիճանաբար սկսել են վերադառնալ, կարող եմ ասել, որ օրեցօր վերադարձողների թիվն ավելանում է»։
Ինչ վերաբերում է ԿԳՄՍՆ նախարարի հրամանին՝ հրադադարի հաստատումից հետո Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց Ձորում դասապրոցեսը վերսկսելու վերաբերյալ, Սևակ Խաչատրյանն ասաց, որ Սոթքում երեխաները դեռ դպրոց չեն հաճախում՝ անվտանգության նկատառումներով։
Արա Ալոյան