Ադրբեջանցիները կրկին սկսել են սպառնալ Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղացիներին։ Այս մասին 24News-ին ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։
Նա ասաց, որ այս ընթացքում բանակցություններ են վարում։ «Խառը վիճակ է, զանգերի եմ պատասխանում։ Ադրբեջանցիները քարոզչական մեքենան միացրած ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ են գործադրում», - նշեց Աբրահամյանը։
Խրամորթի գյուղապետի խոսքով՝ երեկ էլ, այսօր էլ ադրբեջանցիները տեղի բնակիչներին ասում են հեռանալ գյուղից։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 15:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ կատարելու ժամանակ, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը։
Իսկ փետրվարի 16-ին ադրբեջանցի զինծառայողներն իջել էին իրենց դիրքերից, որոնք շուրջ 20 հեկտար խաղողի այգիներից հեռու են մոտ 100 մետր, ու ավտոմատի սպառնալիքով այգիներում աշխատող գյուղացիներին հեռացրել ու չէին թողել աշխատել։ Մինչ օրս գյուղացիները չեն աշխատում։