Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթը Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում, աչքի ընկավ մի շարք ուշագրավ դիտարկումներով: Նախագահը մասնավորապես ասաց, որ մեր պապերից ժառանգած միասնականությունն ամենևին էլ չի նշանակում միատարրություն: «Մենք ողջունում և գնահատում ենք բազմակարծությունը, ինչը կարևոր պայման է նորը ստեղծելու համար: Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնականության կոչը չպետք է դիտել ինքնուրույնության հականիշ, ընդհակառակը՝ ուս-ուսի տված, տարբեր մոտեցումների համադրմամբ՝ կարող ենք արդյունավետ լուծումների հասնել: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը բազմակարծության մասին իր ելույթներով կարող է ժողովրդավարության պատրանք ստեղծել միայն օվկիանոսից այն կողմ ապրող մեր հայրենակիցների մոտ, քանի որ մենք՝ հայաստանաբնակ հայերս, գրեթե յուրաքանչյուր օր բախվում ենք Սերժ Սարգսյանի և այսօրվա քաղաքական համակարգի բազմակարծության պատին: Միայն այն փաստը, որ ԵԼՔ դաշինքն այդպես էլ չհրավիրվեց Հայաստան-Սփյուռք համաժողովին, ինքնին խոսուն է: Դժվար թե Հայաստանի ընդդիմադիր դաշտը ասելիք կամ անելիք չունենա այս ֆորմատում: Ավելին՝ ընդդիմությունը Հայաստանում տիրող իրավիճակի մասին ավելի օբյեկտիվ և ռացիոնալ պատկերացում կարող է տալ սփյուռքից ժամանած մեր պատվիրակներին, գուցե հենց դա է պատճառը, որ հրավիրվել են բոլորը՝ բացի ընդդիմադիր ուժերից: Չէ՞ որ հոլլիվուդյան աստղերը կամ նույն ինքը՝ Գարո Փայլյանը, շատ բան չեն հասկանում ներքաղաքական գզվռտոցներից, հանրային դժգոհության գլխավոր պատճառներից և նրանց մոտ կարելի է հանգիստ բազմակարծության և ժողովրդավարության մասին ճոռոմ խոսքեր հնչեցնել: Պարզապես ցինիզմ է խոսել բազմակարծության մասին, երբ հասել ենք այնպիսի զավեշտի, որ անգամ մշակութային ցուցահանդեսներն են հարմարեցվում քաղաքական առաջնահերթություններին: Բազմակարծության իրավունք չունեն անգամ ինքը՝ Սերժ Սարգսյանը և ողջ իշխող քաղաքական վերնախավը, ում նույն Արևմուտքը բազմիցս է մեղադրել ինքնուրույն որոշումներ կայացնելու գործիքակազմից զուրկ լինելու մեջ: Ստացվում է՝ մեր իշխանություններն անգամ կարծիք արտահայտելու իրավունք չունեն, ուր մնաց՝ բազմակարծության…
Մյուս կողմից էլ՝ շատ հստակ պետք է գիտակցել, որ բազմակարծության մասին խոսող քաղաքական ուժը առաջին հերթին պետք է պատրաստ լինի քաղաքական ազատ մրցակցությանը և այդ թվում՝ իշխանությունը այլ ուժերին հանձնելու: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն գոնե տեսականորեն պատրաստ են իրադարձությունների նման զարգացմանը: Իհա՛րկե ոչ: Ողջ քաղաքական համակարգի թիվ մեկ խնդիրը իշխանական ռեսուրսների հավասարակշռության պահպանումն է, և աստված մի արասցե՝ բազմակարծության դրսևորման արդյունքում այդ բալանսը խախտվի: Դա կբերի նոր բախումների, ներքաղաքական ավելի սուր զարգացումների, իսկ արդյունքում տուժելու է հանրությունը, այն հանրությունը, որը չունի ոչ մի այլ ռեսուրս՝ բացի իր կարծիքից: Որի հետ մեր իշխանությունները, գոնե այսօր, պատրաստ չեն հաշվի նստելու: Իսկ այդ պարագայում՝ ցանկացած առիթով, միջավայրում և ֆորմատով բազմակարծության մասին խոսելը ընդամենը բաժակաճառ է, եթե ոչ պարզ մանիպուլյացիա և մոլորության մատնելու փորձ:
Ստելլա Խաչատրյան