Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանը սադրանք է որակում իր հասցեին որոշ զրպարտություններն ու սուտ տեղեկությունները, որոնք օրերս լույս են տեսել հայաստանյան մամուլում: ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հրապարակմանը՝ հերքելով իր մասին սուտ տեղեկությունները։
«Սեպտեմբերի 12-ին մի հրապարակում եղավ, որտեղ կայքերից մեկը անձամբ իմ մասին գրել էր մի հոդված, որը բացարձակապես չէր համապատասխանում իրականությանը։ Ես չեմ պատրաստվում արդարանալ, դրա կարիքը չկա։ Այստեղ երևում է, որ ամեն ինչի համար վճարված է և պատվիրված, բայց այս աշխատանքը ապշեցնում է, քանի որ հոդվածում ամբողջությամբ բացակայում է լրագրողական էթիկան։ Նյութում բացարձակապես չկա ոչ մի տվյալի ստուգում, բայց, ցավոք, մարդիկ կարդում են այդ հոդվածները»,- ընդգծեց դեսպանը։
Նա իր խոսքում մեջբերեց այդ հրապարակումից մի քանի հատվածներ։ Դրանցից մեկում ասվում է, որ ինքը ստացել է «Պատվո շքանշան»՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հարցում ունեցած ներդրման համար, բայց իրականում նա պարգևատրվել է «Բարեկամության շքանշանով»։
«Հոդվածում նաև ասվում է, որ 2003-2008 թթ. ես աշխատել եմ որպես Վրաստանում ՌԴ դեսպանի խորհրդական։ Ես Վրաստանում աշխատել եմ 2005-2007 թվականները և որպես խորհրդական-պատվիրակ։ Այդ տեղեկությունը նշված է ամենատարբեր կայքերում, շատ հեշտ է ստուգել։ Գրված է, որ հեռացվել եմ աշխատանքից ռուս-վրացական պատերազմից հետո, իբր թե խառնվել եմ երկրի ներքին գործերին։ Այդ պատերազմը եղել է 2008 թվականի օգոստոսին, երբ ես այնտեղ չէի աշխատում»,- շեշտեց Վոլինկինը՝ նկատելով, որ այսքան սխալ տեղեկություն դեռ միայն մեկ պարբերությունում է նշված։
Դեսպանն ընդգծեց, որ այսպիսի զրպարտություններն ամբողջ հոդվածում են տեղադրված և այս ամենը նա որակեց որպես սադրանք։
«Գրում են, իբր մի քանի անգամ աչքի եմ ընկել Հայաստանի հասցեին նվաստացնող արտահայտություններ հնչեցնելով։ Ոչ մի օրինակ բերված չէ և սա կատարյալ անհեթեթություն է։ Ես շատ հայ ընկերներ ունեմ, ովքեր ամենատարբեր բնագավառներում են գործունեություն ծավալում։ Երբ այսպիսի բաներ են գրվում, ուղղակի ցանկություն չկա հրապարակայնորեն արձագանքել այդ ամենին կամ արդարանալ, ու ինչ-որ քաշքշուկների մեջ ընկնելն էլ անիմաստ է։ Մենք անանուն գրվածքների չենք պատասխանում. հոդվածն ստորագրված չէ, հայտնի չէ, թե ով է հեղինակը։ Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ ցանկացած դեսպան, ով գնում է իր երկրից մեկ այլ երկիր, ունի համապատասխան առաքելություն և առաջադրանք կատարելու։ Ամեն կերպ մենք պետք է զարգացնենք մեր երկու երկրների միջև փոխհարաբերությունները։ Կարծում եմ, եթե եկել եմ այս երկիր, ապա պետք է հետևեմ օրենքներին, հարգեմ այդ օրենքը և տեղի մարդկանց։ Իմ պարտականությունների մեջ է մտնում նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները բոլոր բնագավառներում բարելավելը»,- ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը և հավելեց, որ դատական գործընթաց չի պատրաստվում սկսել այդ կայքի և լրագրողի նկատմամբ, դրա իմաստը չկա։