Շատ հաճախ կարելի է լսել այն մասին, որ ժամանակակից սերունդը գիրք չի կարոդում: Այս տեսակետի հետ, սակայն, համամիտ չէ հոգեբան Ռուբեն Աղզումցյանը: Վերջինիս խոսքով՝ պետք է բողոքել ոչ թե նրանից, որ երեխան կամ մեծահասակը գիրք չի կարդում, այլ նրանից, որ ծնողներն իրենց երեխաների մեջ հետաքրքություն չեն սերմանում, մինչդեռ գրքի հանդեպ այդ հետաքրքասիրությունը պետք է սերմանել դեռ մանկուց՝ վաղ տարիքից. «Բավականին քիչ քանակ են կազմում այն ծնողները, ովքեր երեխաների հետ խաղում են՝ խաղի միջոցով նրանց մեջ առաջացնելով հետաքրքրասիրություն: Այստեղ պետք է հստակ հիշել՝ երեխայի գործունեության տեսակը խաղն է, և այն ծնողն, ով կարողանում է երեխայի հետ խաղալ, այդ ծնողը կարող է հանգիստ լինել, որ իր երեխան անտարբեր և անհետարքրքասեր մարդ չի մեծանա: Այս առումով, օրինակ, հետաքրքասիրություն առաջացնլու փայլուն տարբերակ են խոսող գրքերը: 3-8 տարեկան երեխաների համար այս գրքերը զարգացնող շատ մեծ նշանակություն ունեն, որովհետև ծնողները երեխայի հետ միասին ներկում են դրանցում եղած պատկերները, որոնք հետո նաև ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով կենդանանում են, ինչը փոքրիկների մոտ առաջացնում է սեր գրքի հանդեպ»,-նշեց հոգեբանը՝ շեշտադրելով խոսող գրքերի բացառիկ կարևոր ազդեցությունը երեխաների զարգացման գործում:
ԼՈւՐԵՐ.cօm-ը շրջեց երևանյան գրախանութներում՝ փորձելով հասկանալ՝ արդյոք նմանատիպ գրքերն ունեն լայն սպառում և հիմնականում ծնողները ո՞ր լեզվով խոսող գրքեր են նախընտրում իրենց փոքրիկների համար: Մեզ հետ զրույցում Ավետիս Ղուկասյանն, ով զբաղվում է հենց այսպիսի գրքերով, նշեց, որ սկզբնական շրջանում գրախանութներում կային միայն ռուսերեն լեզվով խոսող գրքեր, սակայն քանի որ դրանց նկատմամբ կար ծնողների կողմից մեծ հետաքրքրվածություն, ինքը որոշեց ստեղծել գրքերի նաև հայալեզու տարբերակները.«Գրքերն աշխատում են լրացված իրականությամբ (Augmented Reality): Լրացված իրականությունը դա վիրտուալ օբյեկտների համադրումն է իրական պատկերների հետ հեռախոսի, պլանշետի օգնությամբ: Այդպես այս տարի կարողացանք ստեղծել Կախարդական գրքեր, որոնց միջոցով երեխան շփվում է իր իսկ գունազարդած հերոսների հետ, որոնք կենդանանում են այն գույնով, ինչ գույնով որ երեխան ներկել է: Իսկ գրքի հերոս Այբիկը հայերեն լեզվով պատմում է գրքի հերոսների մասին: Սրանք Կախարդական գրքեր են՝ դասակարգված աղջիկների, տղաների համար, կենդանաբանական այգիների, կրկեսի, դինոզավրերի թեմատիկաներով: Կենդանաբանական այգի գրքում, օրինակ, խաղի միջոցով երեխան սովորում է գույները, դինոզավրերի թեմատիկայով գրքում՝ խաղում տարբեր խաղեր դինոզավրերի հետ, իսկ նկարչությունը նպաստում է երեխայի միջավայրի ճանաչողական գործընթացին: Այն նպաստում է երեխաների գունային ճանաչողությանը և մտապահմանը»,-նշեց Ավետիսը՝ ընդգծելով, որ ի ուրախություն շատ ծնողների, խոսող Կախարդական գրքերն այսուհետ իրենց երեխաների հետ կխոսեն նաև իրենց մայրենի լեզվով՝ հայերենով:
Հավելենք, որ գիրքը աշխատում է Magic Book հավելվածի միջոցով և այն կարելի է ներբեռնել App Store-ից և Google Play-ից: