ՀՀ ԱԻՆ 22 փրկարար ծառայողներ սեպտեմբերի 22-ին մեկնեցին Բոսնիա և Հերցոգովինա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնի (EADRCC) կողմից կազմակերպվող «Բոսնիա և Հերցեգովինա 2017» խորագրով վարժանքին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տարերային աղետների հետևանքների վերացման 18-րդ միջազգային դաշտային վարժանքին այս տարի մասնակցում է 30 երկիր: «Բոսնիա և Հերցեգովինա 2017» վարժանքին ՀՀ ԱԻՆ պատվիրակության կազմում են ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման ու փրկարարական ուժերի վարչությունների աշխատակիցները, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրակարարները և Շիրակի ՄՓՎ հրշեջ-ընդհանուր պրոֆիլի փրկարարները:

Նմանատիպ միջազգային դաշտային վարժանքները տարբեր երկրների փրկարարների միջև փորձի փոխանակման մեծ հնարավորություն են: Վարժանքի ծրագրով նախատեսված են համատեղ քննարկումներ և տարբեր գործնական հավաքներ:

Համաձայն վարժանքի սցենարի՝ Բոսնիա-Հերցեգովինայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևներից վարարել են գետեր, ակտիվացել են սողանքներ, ապա գրանցվել է երկրաշարժ՝ հանգեցնելով մարդկային և նյութական մեծ կորուստների:

ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնը (EADRCC) ամեն տարի կազմակերպում է նմանատիպ վարժանքներ: 2010 թ. վարժանքն անց է կացվել Հայաստանում, որին մասնակցել է 20 երկիր: