Saber Guardian միջազգային զորավարժությունը Հայաստանում չի անցկացվելու: Հայաստանն այդ վարժանքներին ներգրավված չէ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ ՆԱՏՕ SHAPE-ի կայքում հրապարակված վարժանքների՝ հունվարի 29-ի ցուցակից էր հայտնի դարձել, որ զորավարժությունն անցկացվելու է Հայաստանում: Saber Guardian-ը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների համատեղ զորավարժություններից է:

Անցկացվում է 2013 թվականից ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության»՝ եվրոպական և հետխորհրդային պետությունների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում: Ուշագրավ է, որ հայկական կողմը զորավարժություններին չմասնակցելու մասին հայտարարում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ ՊՆ-ում կայացած հանդիպման ֆոնին: Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Միլսը անչափ ոգեշնչված էր ԶՈւ արդիականացման 7-ամյա ծրագրից և նույնիսկ ակնարկեց պաշտպանական ոլորտին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու՝ ԱՄՆ պատրաստակամության մասին: Ահա նման բարեկամական ժեստից հետո՝ ՀՀ ՊՆ հայտարարում է, որ ԱՄՆ զորավարժությունները Հայաստանում չեն կայանա: Նմանատիպ միջոցառումներից վերջին պահին հրաժարվելը կարծես արդեն ավանդույթ է դարձել: Նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին կայացած՝ ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» Հայաստանը նույնպես չմասնակցեց՝ առանց որևէ պատճառաբանության: Չնայած այս պարագայում բացատրություններն ավելորդ են: Հայաստանն այսպիսի կտրուկ քայլով քաղաքական որոշ շրջանակներին ևս մեկ անգամ առիթ տվեց խոսելու հայկական ինքնիշխանության խոցելիության մասին։

 

Հիշենք՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի` վերջերս արված մեկ այլ հայտարարությունը, թե ԱՄՆ-ն ուզում է վստահ լինել Երևանի որոշումների անկախության հարցում։ Նրա խոսքով` իշխանությունների այսպիսի կտրուկ գործողությունները նման հայտարարությունների տեղիք են տալիս։ Մոսկվայի ուղիղ ճնշման տարբերակը բացառել չի կարելի, սակայն ՊՆ արձագանքը վկայում է, որ սա ավելի շուտ հայկական կողմի որոշումն է՝ ելնելով այսպես կոչված «անուղղակի ճնշումից», որը կարող էր լինել ռուս փորձագետների բացասական գնահատականների, ռուսական մամուլի բացասական լուսաբանման հետևանքով և այլն։ Սա ԱՄՆ՝ օգնության ձեռքի ևս մեկ մերժում է, պարզապես այս անգամ ոչ թե տնտեսական, այլ ռուսների սրբության սրբոցը համարվող՝ անվտանգության ոլորտում:

Ստելլա Խաչատրյան