Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջևանում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նախատեսված հանդիպումը սկսվեց ոստիկանության հետ ընդհարումով. ոստիկանությունը զգուշացրեց, որ հանրահավաքն անօրինական է, և բոլոր մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն:
Բայց, այնուամենայնիվ, հանդիպումն իջևանցիների հետ կայացավ, և Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ հարթակից իր մեկ հատ բարևն ասել քաղաքացիներին:
«Մինչև կյանքիս վերջը պաշտպանելու եմ ձեր իրավունքը: Չկասկածե՛ք, չվարանե՛ք, առանց նահանջի գնում ենք դեպի հաղթանակ: Ով խախտեց օրենքը, եթե անցյալում եղել է ազգային հերոս, կապ չունի, ինքը պատասխան է տալու:
Գործող նախագահը պետք է գա Ազատության հրապարակ և ինքնաբացարկ տա: Ես ոչ մի խոսք չունեմ ձեր մարզպետին ասելու, փետրվարի 18-ին դուք իրեն ասացիք՝ ծառայե՛ք կամ հեռացե՛ք»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Սյունիքի մարզպետի վերջին հարցազրույցին, թե «ո՞վ է Րաֆֆին, որ ես իր պահանջով հրաժարական տամ» Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Լիսկան ասում է՝ Րաֆֆին ով է, որ իմ հրաժարականն է պահանջում, Րաֆֆին չի պահանջում, ժողովուրդն է պահանջում, որ դուք դատարանի առջև կանգնեք»:
Վերջինս նաև արձանագրում է, որ որտեղ իրենք պաշտոնական տվյալներով հաղթել են, այդտեղ գյուղապետերի վրա գործ են սարքում. «սա՞ է օրենքի երկիրը, այդպես չի լինելու ախպեր»:
Խոսելով Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Եղավ շատ շիտակ հանդիպում, ինչ որ ես ասում եմ հրապարակավ, ես ասում եմ նաև առանձին հանդիպումներում, ես այդ հանդիպման ժամանակ ասացի՝ ով պատրաստ է ճանաչել ժողովրդի հաղթանակը, ինքնամաքրվի, թող միանա ժողովրդին,-ասաց վերջինս, ավելացնելով, որ պատրաստ է ևս մեկ անգամ հանդիպել Սերժ Սարգսյանին, եթե նա ճանաչի ժողովրդի հաղթանակը:
Ելույթի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանին մոտեցավ նաև այդ շրջանի գյուղերից մեկի նախկին գյուղապետը և խնդրեց չվիրավորել գործող նախագահին և իրենց մարզպետին: Քաղաքացին նեղսրտել էր այն խոսքից, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց մարզպետին ասում է, թե կեղծել են ընտրությունները և անօրինականություններով են զբաղված: