Սյունիքի մարզպետարանում սպասում են նորանշանակ մարզպետին: Այս մասին «Փաստինֆո»-ին փոխանցեցին մարզպետի ընդունարանից, հավելելով, որ այսօրվանից արդեն սպասում են, որ Վահե Հակոբյանն անցելու է իր նոր պաշտոնեական պարտականությունների կատարմանը:

Նշենք, որ մեր զրույցի պահին, 10:40-ին նորանշանակ մարզպետը դեռ մարզպետարան չէր եկել:

Հիշեցնենք. երեկ Կառավարությունը հաստատեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդու՝ Վահե Հակոբյանի թեկնածությունը Սյունիքի մարզպետի պաշտոնում:

Այս պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրվել էր ՀՀԿ գործադիր մարմնի հուլիսի 4-ին գումարված նիստում:

Ու թեև, Վահե Հակոբյանի թեկնածությունն առաջարկել էր անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բայցևայնպես, Սահմանադրության համաձայն, մարզպետը համարվում է նշանակված, և կառավարության որոշումը ուժի մեջ է մտնում միայն Հանրապետության Նախագահի վավերացումից հետո:

Նշենք, որ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Մոլդովա, իսկ Վահե Հակոբյանի նշանակման մասին կառավարության որոշումը վավերացնելու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն այս պահին նախագահի մամուլի ծառայությունը չի հրապարակել:

Հեղինակ:
Նելլի Դանիելյան