Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում: Սեպտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը մանրամասներ ներկայացրեց կայանալիք զորավարժությունների վերաբերյալ: «Հոկտեմբերին և նոյեմբերին պլանավորված է համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների լայն շրջանակ: Նախկինում մենք զորավարժություններ անցկացրել ենք, որոնք հաջողված են եղել: Սակայն ժամանակակից զինված հակամարտությունները պահանջում են հատուկ մոտեցում: Սրա հետ կապված` որոշում է ընդունվել 2017թ. անցկացնել համատեղ միջոցառումներ «Մարտական եղբայրություն 2017» խորագրի ներքո»,- նշեց Սիդորովը:
Զորավարժությունները կմեկնարկեն հոկտեմբերի 3-ին. ակտիվ մասը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում: Այդ օրը տեղի կունենան «Որոնում 2017» հատուկ տակտիկական զորավարժությունները: Հոկտեմբերի 7-ին«Բաղրամյան» զորավարժարանում կանցկացվեն բաց զորավարժություններ, որոնց ընթացքում կցուցադրվեն հետախուզական ուժերի պրակտիկ գործողությունները: «Այս ամենի տրամաբանական շարունակությունը կլինեն «Համագործակցություն» խորագիրը կրող զորավարժությունները, որը ևս կանցկացվի Հայաստանի տարածքում` հոկտեմբերի 9-13-ը: Այս զորավարժություններին կմասնակցեն նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները»,- մանրամասնեց Անատոլի Սիդորովը:
ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխախտ եղբայրություն» խորագրով զորավարժությունները կանցկացվեն Ղազախաստանում և Տաջիկստանում: Տաջիկստանում զորավարժությունները կանցկացվեն նոյեմբերին: Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցի շուրջ 12 հազար մարդ:
«Զորավարժությունները լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին և ուղղված չեն երրորդ երկրների դեմ»,- եզրափակեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը: