ԱՄՆ-ի Լաս Վեգասի հայ համայնքը ցավում է ողջ Ամերիկայի հետ: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, Լաս Վեգասի Սբ Կիրակոս Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ հայր Սասուն վարդապետ Զմրուխտյանը նշել է, որ շատ լուրջ են վերաբերում այս դեպքերին: Նրա խոսքով, Լաս Վեգասի հայ համայնքում բոլորը զգաստ վիճակում են:
Եկեղեցու հարեւանությամբ գտնվող Mandalay Bay հյուրանոցի առջեւի տարածքում տեղի ունեցածը Միացյալ Նահանգների պատմության խոշորագույն զանգվածային սպանդն էր: Ոստիկանության տվյալներով, 64-ամյա ամերիկացի թոշակառու Սթիվեն Փեդոքը 32-րդ հարկում գտնվող հյուրանոցի իր համարի պատուհանից կրակ արձակելով հյուրանոցի առջեւ անցնող համերգին եկածների վրա, սպանել է առնվազն 58 եւ վիրավորել 500-ից ավելի մարդ: Կրակը մարդասպանն արձակում էր ինքնաձիգ զենքից, յուրաքանչյուր կրակահերթը՝ 50-100 փամփուշտ: Եվ այսպես 10 անգամ, որից հետո սպանում է ինքն իրեն: Իր համարում ոստիկանները գտել են 10-ից ավելի զենքեր, այդ թվում՝ հրացաններ:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հերքում են «Դաեշ»-ի ահաբեկիչների հայտարարությունը, որոնք, օգտվելով առիթից հայտարարում են, թե իբր Փեդոքը «Իսլամական պետություն» խմբավորման անդամ էր դարձել:
Զոհերի մասին ստույգ տվյալներ դեռեւս չեն հաղորդվում: Հայր Սասունի խոսքով, նախնական չճշտված տեղեկություններով հայեր զոհերի թվում չկան:
«Վստահ եմ, հայեր եղած կլինեն այդ հյուրանոցում այս դեպքի ընթացքում, բայց վստահ չենք, որ այս համերգին իրենք ներկա կլինեին, որովհետեւ համերգը հյուրանոցի դիմաց բաց տարածքում է տեղի ունեցել»,-ասել է նա:
Այս շաբաթ Միացյալ Նահանգներում բոլոր պետական դրոշները իջեցված են մնալու՝ ի հիշատակ անմեղ զոհերի: ԱՄՆ-ի հայ համայնքը նույնպես կիսում է ընդհանուր ցավը:
«Ծրագրում ենք կազմակերպել համայնքային հոգեհանգիստ հինգշաբթի երեկոյան, որպեսզի հայ համայնքը իր մոմավառությամբ եւ հոգեւոր աղոթքով մասնակից լինի այս ցավին եւ վշտին», - ասել է հայր Սասունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են. «Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոսը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և իրավապահ մարմինների հետ։ Հաստատված տեղեկություններ տուժած հայերի մասին այս պահին չկան»։