Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել հոկտեմբերի ամսվա ընթացքում քաղաքում բոլոր տեսակի միջոցառումները՝ հացադուլները, նստացույցները, հիշատակի արարողությունները և համերգներն արգելելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք հետախուզական տվյալներ ունեն այն մասին, թե քաղաքի տարբեր հատվածներում նախատեսվում են հացադուլներ և նստացույցեր իրականացնել՝ ի պաշտպանություն կալանավորված ուսուցիչներ Նուրիյե Գյուլմենի և Սեմիհ Օզաքչայի, ովքեր մի քանի ամիս է հացադուլի մեջ են:
Անկարայի իշխանությունները որոշումը պայմանավորել են նրանով, որ նման արարքները կմեծացնեն մարդաշատ վայրերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գործողություն իրականացնելու հավանականությունը, հասարակության ներսում անհանգստություններ կառաջացնեն՝ սպառնալով հասարակության անվտանգությանը:
Նուրիյե Գյուլմենը և Սեմիհ Օզաքչան երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում 2017 թվականի հունվարին ազատվել էին աշխատանքից: Նրանք վճռի դեմ բողոքելու և կրկին աշխատանքի վերադառնալու նպատակով հացադուլ էին հայտարարել: Անկարայի գլխավոր դատախազությունը «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով հետաքննություն էր սկսել նրանց նկատմամբ: Հացադուլի 75-րդ օրը՝ մայիսի 22-ին Գյուլմենը և Օզաքչանը դատախազության որոշմամբ բերման էին ենթարկվել: Իսկ մեկ օր անց դատարանը «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» փաստարկով բավարարել էր նրանց կալանավորելու դատախազության պահանջը: